Փաշինյանը չշնորհավորեց ՌԴ նախագահին նույն օրը, որպեսզի հաճոյանա Արևմուտքին, Մոսկվան սա արձանագրել էր. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։

Քաղաքացի Սամվել Մարգարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Պուտինի ընտրվելուց մեկ օր անց Նիկոլը նրան ջերմագին շնորհավորեց։ Չեք կարծո՞ւմ, որ Նիկոլին հենց ռուսներն են պահում իր պաշտոնում»։

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է.

«Ռուսաստանի վերաբերմունքը Փաշինյանին կարելի է բաժանել 3 էտապի․

2018-ի իշխանափոխության մեջ անկասկած կար հյուսիսային հետք՝ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը շահագրգիռ էր շարունակել աշխատել Փաշինյանի հետ՝ որպես եռակողմ հայտարարության և այլ պայմանավորվածությունների կատարման երաշխավոր։ Նոր էտապ սկսվեց, երբ Նիկոլը տեղափոխվեց արևմտյան հարթակներ, հակառուսական քայլերի դիմեց՝ հզոր արդարացումներ տալով Ռուսաստանին թուրք-ադրբեջանական զույգի հետ խորացող գործընկերության համար։ Անգլալեզու քաղաքական գրականության մեջ այս երևույթը հայտնի է՝ որպես «useful idiot» (օգտակար ապուշ)։

Ռուսաստանի վերաբերմունքը Փաշինյանին կշարունակի այդպիսին լինել, եթե իր գեոպոլիտիկ ավանտյուրիզմի մեջ Նիկոլը չնպաստի Մոսկվայի համար ուղղակի անվտանգային սպառնալիքներին։ Վերջիվերջո, եթե Փաշինյանն Արևմուտքի թմբկահարվող ճանապարհին մեզ տանում է իրականում Թուրքիա, ապա պաշտոնական Մոսկվան նույնպես կարող է Անկարայի հետ Հայաստանի շուրջ համաձայնության գալ, երբ համոզվի, որ հայ ժողովուրդը մարսում է այդ խայտառակությունը։

Ի դեպ, Փաշինյանի` Պուտինին շնորհավորանքի պատմությունը նրա փնթի խաղերի տիպիկ օրինակն է։ Տեսեք, նա չշնորհավորեց ՌԴ նախագահին նույն օրը, որպեսզի հաճոյանա Արևմուտքին, և Մոսկվան սա արձանագրել էր։ Հաջորդ օրվա շնորհավորանքը Մոսկվայի համար արդեն ուշացած էր, իսկ Արևմուտքի համար՝ տհաճ։ Այսինքն՝ իր «գեղական շուստրիության» մեջ Փաշինյանը նստվածք թողեց և՛ Մոսկվայում, և՛ Արևմուտքում»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930