Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա, կա համաձայնություն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա և կա ըմբռնում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որի համար նույնպես պետք է հիմք լինի Ալմաթայի հռչակագիրը:
Այս մասին այսօր՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե կոնկրետ որ քարտեզով է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել, որ այս հատվածը՝ Հայաստանին է, այն հատվածը՝ Ադրբեջանինը:
«Իմ ասածը նշանակում է, որ ոչ թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր սահմանա ստեղծել, այլ նշանակում է Խորհրդային միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»,- ասաց վարչապետը:
Վերջինս նաև արձագանքեց Մանուկյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ կարող է ոտքի վրա որոշել ու պատգամավորներին արգելել իրենց լիազորությունների շրջանակներում գործունեություն ծավալել:
«Ես գիտեմ իմ լիազորությունները, կարողանում եմ կայացնել որոշումներ և կայացնում եմ դրանք իմ լիազորությունների շրջանակներում, ես չեմ կարող սահմանափակել որևէ պատգամավորի գործունեություն, բայց կարող եմ սահմանել որոշակի տրամաբանությւոն կարգ: Եթե ձեզ թվում է, որ Կառավարությունը երկրի անվտանգության հետ կապված խնդիրը պետք է մատուցի ձեզ, որպեսզի դուք ձեր նեղ քաղաքական շահերի շուրջ՝ իրականության հետ աղերսներ չունեցող բեմադրություններ ներկայացնեք, դուք սխալվում եք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: