Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ․ «Թաթոյան» հիմնադրամ

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Այս մասին հայտնում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։

«Սա անօրինական, միջազգային կանոններին հակասող գործընթաց է` մեր իրավունքների զանգվածային խախտումների և խաթարված անվտանգության հեռանկարով: Ադրբեջանն էլ այդքանով կանգ չի առնելու:

Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, որը բերելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, իսկ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն լրացնելու բացը: Վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը:

Ռազմավարական օբյեկտներ (գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն) հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո:

Լինելու են նոր տեղահանվածներ, մարդիկ զրկվելու են ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից, անօգտագործելի են դառնալու արոտավայրեր, խոտհարքներ ու վարելահողեր, այգիներ, խաթարված է լինելու մարդկանց արժանապատվությունն ուհոգեկան անդորրը:

Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով: Էլ չեմ խոսում համայնքների հարևանությամբ պարբերական դարձած ադրբեջանական կրանոցների ու ականների պայթյունների մասին:

2020թ. նոյեմբերից սկսած` բոլոր հնարավոր եղանակներով անընդհատ ասել եմ, որ անվտանգությունը չի կարելի առանձնացնել մարդուց, որ մարդու իրավունքները պետք է դրվեն Հայաստանի դիվանագիտության, բոլոր միջազգային հարթակներում քննարկումների հիմքում: Սա կօգներ ամրապնդել Հայաստանի միջազգային պաշտպանությունը, այդ թվում` պետական սահմանները պաշտպանելով:

Ներկայում տեղի ունեցողն արդյունք է կոպիտ սխալներով քաղաքականության, որը միայն ուժեղացրել է ու շարունակում է ուժեղացնել Ադրբեջանին և թուլացրել Հայաստանի դիրքերը», — նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930