Skip to main content

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 5-ին Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը, նախարար Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել Իրանի գործընկերոջը նրա քրոջ մահվան կապակցությամբ։

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը:

Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրում և իր գործնական արտահայտումն է գտնում թե՛ բարձրագույն մակարդակում երկխոսության դինամիկայի, թե՛ կարևոր ծրագրերի իրագործման մեջ:Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ:

Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները:Անդրադարձ է կատարվել հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական փոխգործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիա տիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցության առումով: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031