Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Օհանյանի դիմումը՝ ընդդեմ ՀՖՖ-ի, որով հայցվորը խնդրում է անվավեր ճանաչել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի 27․06․2026 թվականի «ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը (2026-2027 մրցաշրջան) հաստատելու մասին» որոշումը: Այս մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ տվյալ կանոնակարգով էր հաստատվել նաև լեգիոներ ֆուտբոլիստների քանակի վերաբերյալ սահմանափակումը (15 ֆուտբոլիստ մրցաշրջանի հայտացուցակի համար՝ առաջին և երկրորդ թիմերի համար)։ Գործին, որպես երրորդ կողմ միացել է «Ուրարտու» ՖԱ-ն:
Թեմայի մասին Tert.am-ը խոսեց իրավաբան, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, ով իր խոսքում նշեց՝ ՀՖՖ գործադիր մարմնի անդամ Աննա Օհանյանը դիմել է իր թիմին՝ ՀՖՖ-ի դեմ հայց ներկայացնելու նպատակով, քանի որ վերջինս, ըստ էության, գործել է խախտումներով:
«Նոա»-ն ներգրավվում է այս գործին՝ փաստարկելով ընթացակարգային խախտումները, բայց, միևնույն ժամանակ, առաջ քաշելով ինչպես իր բիզնես մոդելի, այնպես էլ իր պատկերացրած ֆուտբոլային քաղաքականության մասով այդ որոշման ազդեցության հարցը, այսինքն՝ վնասի մասին է խոսում: Հետո ներգրավվում է «Ուրարտու»-ն, ասում՝ շատ լավ սահմանափակում է, այս սահմանափակումը կզարգացնի հայկական ֆուտբոլը։ Հենց այստեղ է, որ մեծ բանավեճ է բացվում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:






































