Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել. Թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Այստեղ են բերվել տրակտորներ։
Դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։
Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։
Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը 2-3 ամսական են։
Բնակիչները NEWS.am–ի հետ զույցում պատմեցին, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։
Արդեն այսօր Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի ամբողջ գվարդիայով՝ շուրջ 50 մարդ։
Իրավիճակը լարված է, բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողնում մոտենալ տներին։ Ամեն կողմից լսվում է երեխաների լացն ու գոչյունները։ Անչափահասներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչում։
Բնակիչներն ասում են, որ եթե նախապես՝ գոնե 2 ամիս առաջ պատշաճ իրենց տեղեկացրած լինեին, իրենք կփորձեին ինչ–որ բան անել, բայց մեկ օրվա ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրենց անչափահաս երեխաներին վերցնել, իրենց 30 տարվա իրերը հավաքել և այլ տեղ գտնել ապրելու։ Իրենց մի մասը հաշմանդամություն ունի, երեխաների մեջ էլ հաշմանդամություն ունեցողներ կան, ընտանիքում միայն մեկ հոգի է աշխատում։






































