Skip to main content

Դեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դիվանագիտական ծառայության ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2026-2031 թվականների տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու նախատեսվող ծրագրերը։

Գևորգ Պապոյանը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ ներգրավվածությունը տնտեսական դիվանագիտության օրակարգի առաջմղման գործում՝ մասնավորապես հավատարմագրման երկրներում թիրախային ներդրողների, արտադրողների, միջազգային բրենդների և տեխնոլոգիական գործընկերների բացահայտման, նրանց հետ ուղիղ գործարար կապերի հաստատման և Հայաստանի ներդրումային ու արտադրական հնարավորությունների ներկայացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև արտադրական պատվերների, տեխնոլոգիական համագործակցության և երկարաժամկետ գործընկերությունների ուղղորդումը դեպի հայկական ընկերություններ։

Նախարարն ընդգծել է դիվանագիտական ներկայացուցչությունների կարևոր դերակատարությունը հայկական արտադրանքի համար նոր շուկաների և բիզնես գործընկերների բացահայտման, արտահանման աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես վստահելի ներդրումային և արտադրական գործընկերոջ դիրքավորման գործում։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ նախատեսվող քայլերին՝ ընդգծելով գրավիչ, թափանցիկ և կայուն ներդրումային միջավայրի ձևավորման, միջազգային ներդրումային համաձայնագրերի շրջանակի ընդլայնման, թիրախային ներդրումների ներգրավման, ինչպես նաև մասնագիտացված արդյունաբերական գոտիների և լոգիստիկ հանգույցների ձևավորման կարևորությունը։

Քննարկվել են նաև տնտեսական քաղաքականության և միջազգային տնտեսական համագործակցության օրակարգային այլ հարցեր։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31