Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված 32nd Abu Dhabi International Chess Festival միջազգային շախմատի մրցաշարում։
Մրցաշարի Masters խմբում միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսել 7-15-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Սերգեյը զբաղեցրել է 11-րդ մրցանակային տեղը։
Նույն խմբում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Ռուդիկ Մակարյանը 6.5 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Վետերանների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:
Ընտանեկան թիմային կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի և ՖԻԴԵ-ի վարպետ Էդուարդ Հակոբյանի թիմը:
Open B խմբում Արթուր Ղարագյոզյանը վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Կանանց կայծակնային շախմատի մրցաշարում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է բոլորին՝ մաղթելով նոր հաջողություններ:






































