Ռուսական անօդաչուների գիշերային հարվածի հետևանքով Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում մեկ մարդ է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Նրա փոխանցմամբ՝ հարվածներից վնասվել են բնակելի շենքեր և այլ կառույցներ։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Գիշերը անօդաչուներով հարձակման է ենթարկվել նաև Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքը։ Ըստ հաղորդումների՝ վնասվել է բազմաբնակարան շենք, իսկ Սվերդլովի անվան պայթուցիկ նյութերի գործարանի տարածքում ծուխ է նկատվել։
Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս կազմող այս գործարանը գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների տակ։
Տեղական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ձերժինսկի վրա անօդաչուների հարձակման մասին հաղորդումները։






































