ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ Շահանե Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
Այսպիսով, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետը, արտերկրում կրթություն ստացած հայերը շարունակում են նշանակվել բարձր պաշտոններում:
«Արմենպրես»-ը ներկայացնում է Շահանե Մնացականյանի կենսագրությունը:
Շահանե Մնացականյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 10-ին Երևանում։
1996 թվականից միջնակարգ կրթությունը ստացել է Չարենցի և Բելինսկու անվան դպրոցներում։
2005-2006 թվականներին կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում՝ Washington Township High School-ում։
2006–2013 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ստանալով բժշկագիտության բակալավրի աստիճան։
2013–2015 թվականներին նույն համալսարանում սովորել է հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրով։
2015–2017 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետում և ստացել հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան։
2020–2021 թվականներին սովորել և ավարտել է Հարվարդի բժշկական դպրոցի «Անվտանգություն, որակ, ինֆորմատիկա և առաջնորդություն» հետբուհական հավաստագրման ծրագիրը։
2024–2025 թվականներին սովորել է ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ «Համաճարակաբանություն» մասնագիտությամբ և ստացել բժշկի դիպլոմ։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2015 թվականից։
2015–2018 թվականներին աշխատել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում՝ որպես որակի ապահովման մենեջեր։
2018–2020 թվականներին աշխատել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ում՝ որպես որակի մենեջեր։
2019–2022 թվականներին համակարգել է «EcoSence Laboratories»-ի գիտական ծրագրերը։
2020–2024 թվականներին աշխատել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն, 2022–2025 թվականներին եղել է «Ուիգմոր Գրուպ» ՓԲԸ-ի՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի գործառնական գծով փոխտնօրեն, և մինչև 2026 թվականը զբաղեցրել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը:
2021–2022 թվականներին աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակում՝ որպես լաբորատորիայի ազգային խորհրդատու։
2026 թվականից զբաղեցրել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։
Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով:
2023–2025 թվականներին դասավանդել է Առաջնորդության և նորարարության ակադեմիայում` առողջապահության ոլորտում որակի կառավարման և այլ թեմաներով։
2017–2019 թվականներին եղել է Ամերիկյան մանրէաբանների ասոցիացիայի Հայաստանի երիտասարդ դեսպանը։ Այդ ընթացքում մասնակցել է Հայաստանի երիտասարդ գիտնականների ցանցի ստեղծմանը, գիտական համագործակցությունների զարգացմանը և մասնագիտական աշխատարանների կազմակերպմանը։
ԱՄՆ-ի FSA FLEX ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանավարտ է (2005–2006թթ.)։
Իրականացրել է նաև կամավորական աշխատանք: Մասնակցել է միջազգային մասնագիտական վերապատրաստումների և գիտաժողովների։ Հեղինակ և համահեղինակ է առողջապահության և վարակիչ հիվանդությունների ոլորտներին վերաբերող գիտական հրապարակումների։
Ամուսնացած է, ունի երեք դուստր։






































