Skip to main content

Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, ամենամսյա հաշվետվության մեջ չի ներառել որոշ աշխատակիցների աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի և պարտադիր այլ վճարների գումարները, ինչպես նաև դպրոցի հաշիվներում առկա միջոցներն իր և աշխատակից չհանդիսացող անձանց անուններով իբրև աշխատավարձ կամ պարտքի վերադարձ փոխանցելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու արդյունքում 2 անձի օժանդակությամբ հափշտակել է շուրջ 55 մլն դրամ:

Բացի այդ, վերը նշված պաշտոնյան, զբաղեցնելով նաև Հառիճի միջնակարգ դպրոցի գնումների պատասխանատուի և համակարգողի, հաջորդիվ նաև հաշվապահի պաշտոնները, իր կնոջ՝ նույն դպրոցի հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և մեկ այլ քաղաքացու օժանդակությամբ հափշտակել են դպրոցից ելքագրված 33 մլն դրամը:

Նրանց հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 87 մլն դրամի գույքային վնաս, որից 43 մլն դրամը վերականգնվել է:

Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել 2 դպրոցների հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձին, վերջինիս կնոջը, հանցավոր գործողություններին օժանդակած անձին և դպրոցի տնօրեններին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31