Skip to main content

Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու

Գարեգին Բ-ի գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել է գործը քննելուց: Այդ մասին դատական նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Դատավորը եղել է նաև փաստաբան, և իր՝ ուսումնառության ու արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել: Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց»,-ասաց նա:

Փաստաբանը նաև հայտնեց, որ նոր դատավոր է նշանակվելու:

Հիշեցնենք՝ գործը վերաբերում է կաթողիկոսի հրաժարականը պահանջող, Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնից ազատելու որոշմանը: Եպիսկոպոսը դատարանում բողոքարկել էր Գարեգին Բ-ի այդ որոշումը: Հունվարի 16-ին դատարանը որոշել էր հայցի ապահովման միջոց կիրառել՝ պարտավորեցնելով առանց խոչընդոտի ապահովել նրա պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը, ինչպես նաև արգելել որևէ գործողություն, որը կարող է խոչընդոտել եպիսկոպոսին՝ իրականացնել թեմի առաջնորդի պարտականությունները։ Դրանից հետո, սակայն, Գարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկով Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել էր կարգալույծ, այդ կերպ, ըստ մեղադրանքի, խոչընդոտելով դատական ակտի կատարմանը։

Այսօրվա նիստից հետո Գարեգին Բ-ն, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների և իրենց աջակցելու եկած «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների պատգամավորների ու քաղաքացիների հետ երթով շարժվել են Մայր աթոռ, որտեղ Գարեգին Բ-ն ելույթ է ունեցել: Հաջորդ դատական նիստի օրը հայտնի չէ, քանի որ գործը նոր դատավորի պետք է մակագրվի:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31