Skip to main content

Հայաստան-Ադրբեջան գործընթացն հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը․ Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը համոզված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիակատար կարգավորումը ժամանակի հարց է և արդեն շատ մոտ է։ Ռուբինյանն այս մասին ասել է Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։

Մանուկյանը նշել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ի սկզբանե ներկայացվել է որպես առանց նախապայմանների բանակցություն, սակայն, նրա պնդմամբ, Թուրքիան գործընթացը շարունակում է փոխկապակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։

«Անցնող չորս տարվա ընթացքում Թուրքիան իր քաղաքականության բոլոր հարցերը պայմանավորել է Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ։ Սա փաստում է, որ «առանց նախապայմանների» ձևակերպումը իրականությանը չի համապատասխանում, և Թուրքիան շարունակում է նախապայմաններով խոսել Հայաստանի հետ՝ նաև ճնշում գործադրելով Հայաստանի վրա»,- ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը շարունակում է չլուծված մնալ։

Պատասխանելով հարցին՝ Ռուբինյանը համաձայնել է, որ Թուրքիայից հնչել և շարունակում են հնչել հայտարարություններ, որոնք Հայաստան-Թուրքիա կարգավորումը փոխկապակցում են այլ գործընթացների հետ։

«Դուք ճիշտ եք, որ Թուրքիայից հնչել են և մեկ-մեկ էլ հնչում են հայտարարություններ, որոնք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը փոխկապակցում են այլ գործընթացների հետ»,- ասել է նա։

Ռուբինյանի գնահատմամբ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացն այս պահին ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։

«Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ վերացրեց Հայաստանից երկաթուղային տարանցման սահմանափակումները, քան Թուրքիան։ Թուրքիան էլ դա արեց։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմա նաև ուղիղ առևտուր կա՝ նկատի ունեմ նավթամթերքը»,- նշել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Թուրքիան առավել ակտիվ քայլեր ձեռնարկի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում։

«Ես չեմ կարող մատնանշել որևէ պատճառ, թե ինչու Հայաստանն ու Թուրքիան հենց վաղը չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ, և թե ինչու հենց վաղը Հայաստան-Թուրքիա սահմանը չպետք է բաց լինի»,- ասել է նա։

Ռուբինյանը նշել է, որ գործընթացը չի ընթացել այն արագությամբ, որը ցանկալի կլիներ հայկական կողմի համար։

«Արդյո՞ք գործընթացը գնացել է այն արագությամբ, որը մենք կամ ես կցանկանայինք տեսնել։ Ոչ։ Ես կցանկանայի, որ գործընթացն ավարտված լիներ տարիներ առաջ։ Բայց համաձայնեք, որ Հայաստան-Թուրքիա գործընթացը բարդ գործընթաց է եղել, և, ըստ էության, Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած՝ բոլոր իշխանությունները, այդ թվում՝ ձեր իշխանությունը, փորձել են այդ գործընթացը հաջողությամբ ավարտել։Ես վստահ եմ, որ Հայաստան-Թուրքիա լիակատար կարգավորումը ժամանակի հարց է, և այդ կարգավորումը շատ մոտ է»,- եզրափակել է նա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31