Skip to main content

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 8 հարց:

Նստաշրջանի բացմանը հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը վարում է նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։

Իններորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Խորհրդարանն, ընդհանուր առմամբ կազմված է 105 պատգամավորից։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը 64 մանդատով ձևավորում է խորհրդարանական կայուն մեծամասնություն և համարվում կառավարող խմբակցություն։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններն ընդդիմադիր են։

Առաջին նստաշրջանի բացման առթիվ նախատեսված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի ելույթը։ Դրանից հետո պատգամավորները կտան Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդումը և կստորագրեն երդման տեքստը։

Երդումից հետո նիստը նախագահողը կհայտարարի պատգամավորների ընդհանուր թիվը, կներկայացնի պատգամավորներին և այն քաղաքական ուժերը, որոնց ընտրական ցուցակներով նրանք ընտրվել են։ Այնուհետև պատգամավորները կգրանցվեն։

Առաջին նստաշրջանի օրակարգով նախ նախատեսված է հաշվիչ հանձնախմբի ստեղծումը, որից հետո խորհրդարանը կանցնի Ազգային ժողովի նախագահի ընտրությանը։

Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի յուրաքանչյուր խմբակցություն։ Նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 53 կողմ ձայն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Կուսակցության վարչությունն ԱԺ փոխնախագահների թեկնածուներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31