ԱՄՆ-ն սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ձգտելու է «արտահայտվելու ազատության մասին» հռչակագրի ընդունմանը, որն անուղղակիորեն ուղղված է առցանց հարթակների աշխատանքի վերահսկողության ոլորտում ԵՄ կարգավորումների դեմ։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը։
Ինչպես հիշեցնում է պարբերականը, ԱՄՆ ներկայիս վարչակազմը բազմիցս քննադատել է այլ երկրներում առցանց հարթակների մոդերացիայի համար ընդունվող կանոնները: Հռչակագիրն ստորագրած երկրները «պարտավորվում են ընդունել», որ «իբր ապատեղեկատվության և ատելության խոսքի» համար պատժամիջոցները կարող են վտանգել արտահայտվելու ազատությունը: Բացառություն է կազմում «այն բովանդակությունը, որն ուղղակիորեն բռնության է դրդում»: Փաստաթուղթն ուղղված է նաև առցանց հարթակները կառավարությունների կողմից բովանդակության հետևման և հեռացման պահանջներից պաշտպանելուն, գրում է Politico-ն:
Ինչպես նշում է պարբերականը, ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները հաճախ են դժգոհում ԵՄ-ում աշխատանքի պահանջների կատարման հետ կապված ծախսերից և պարտավորություններից: Հայտնի չէ, թե արդյոք ընկերությունները մասնակցել են փաստաթղթի մշակմանը:






































