Տիրանոզավր Ռեքսի կմախքը, որը ճանաչվել է երբևէ հայտնաբերված ամենախոշոր և ամենալավ պահպանված նմուշներից մեկը, Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 50,1 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Sotheby’s-ի տվյալներով՝ «Գուս» անունը ստացած նմուշը դարձել է երբևէ աճուրդի հանված ամենաթանկարժեք դինոզավրի բրածոն՝ գերազանցելով 2024 թվականին ստեգոզավրի համար վճարված գրեթե 45 միլիոն դոլարի ցուցանիշը։ Դրանից առաջ ռեկորդը պատկանել է Տ-ռեքսի «Սթեն» անունով կմախքին, որը 2020 թվականին վաճառվել էր 32 միլիոն դոլարով։
Բրածոյի տարիքը գնահատվում է մոտ 67 միլիոն տարեկան։ Նմուշը պահպանվել է շուրջ 61%-ով․ այն ներառում է լավ պահպանված գանգը, երկու թաթերը և մի շարք հազվագյուտ ոսկորներ։ Կմախքի բարձրությունը մոտ 3,8 մետր է, իսկ երկարությունը՝ 11,5 մետր։ Բրածոն հայտնաբերվել է 2021 թվականին Հարավային Դակոտայի ռանչոներից մեկում և անվանվել է տարածքի սեփականատիրոջ՝ Գերի Լիքինգի պատվին։
Աճուրդի հաղթողը, որը մասնակցել է հեռախոսով և ցանկացել է անանուն մնալ, տասը րոպե տևած փուլում շրջանցել է իր վեց մրցակիցներին։ Մինչ աճուրդի մեկնարկը լոտի արժեքը գնահատվել է 20-30 միլիոն դոլար։
Ողնաշարավորների հնէաբանության ընկերությունը (Society of Vertebrate Paleontology) նոր սեփականատիրոջը կոչ է արել նմուշը հանձնել թանգարանին՝ ընդգծելով դրա գիտական կարևորությունը և հետազոտողների համար հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Նախկինում դինոզավրերի ռեկորդային նմուշները, ինչպիսիք են «Ապեքս» ստեգոզավրը, ինչպես նաև «Սյու» և «Սթեն» տիրանոզավրերը, հանձնվել են ԱՄՆ-ի և ԱՄԷ-ի խոշոր թանգարաններին։






































