Վերջին շրջանի ռազմավարական ձեռքբերումներից մեկը Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի և նրա զինված ուժերի բացարձակ ինքնիշխանությունն է։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին, գրում է Khabar Online-ը։
«Ոչ մի նավ իրավունք չունի անցնել այդ ռազմավարական կարևոր ջրային ուղով առանց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի թույլտվության։
«Հորմուզի նեղուցի անվտանգության ծրագրի» իրավական և միջազգային ասպեկտներն ուսումնասիրելու համար Մի քանի հանդիպում է անցկացվել։ Այն կհաստատվի օրենքի ձևով՝ խորհրդարանի աշխատանքի վերսկսումից անմիջապես հետո։
Յուրաքանչյուր անցնող նավ պետք է օգտվի իրանական ապահովագրական ընկերությունների հարթակից և տուրքեր վճարի։ Այդ գումարները կգանձվեն համաշխարհային ստանդարտներին համապատասխան (Պանամայի ջրանցքի մոդելի նմանությամբ)։
Այդ քաղաքականության իրականացման համար Կենտրոնական բանկը բացել է 4 հատուկ հաշիվ՝ կապված ռիալի, յուանի, դոլարի և եվրոյի հետ։ Ընդ որում, մենք օրինական իրավունք ունենք խոչընդոտելու թշնամական ռազմական նավերի անցումը»,- նշել է իրանցի խորհրդարանականը։






































