Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ադրբեջան, որտեղ նա և Իլհամ Ալիևը քննարկել են անվտանգության և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը և ստորագրել համագործակցության ընդլայնման մասին վեց համաձայնագիր։ Բացի դրանից, Զելենսկին հանդիպել է Ադրբեջանում տեղակայված ուկրաինական խմբի հետ՝ «օդային տարածքի և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության ոլորտում փորձագիտական կարծիքների» փոխանակման նպատակով, գրում է OC Media-ն։
Այցի ընթացքում Զելենսկին հանդիպել է Ադրբեջանում տեղակայված ուկրաինական պատվիրակության հետ՝ «օդային տարածքի և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները հաղորդակից դարձնելու համար»։
Այցի հիմնական մասն անցկացվել է Ադրբեջանի հյուսիսում տեղակայված Գաբալայում՝ Ռուսաստանի հետ սահմանակից տարածաշրջանում։ Սա Զելենսկու առաջին պաշտոնական այցն էր Ադրբեջան։
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ քննարկել են ռազմական համագործակցությունը և որ համատեղ արտադրության համար հիանալի հնարավորություններ կան։
Իր հերթին, Զելենսկին խոսել է իրենց ստորագրած վեց համաձայնագրերի մասին՝ հայտարարելով, որ «առաջնահերթ նշանակություն ունի անվտանգությունը»։
«Ուկրաինան տոկունություն է դրսևորել ագրեսորի դեմ այս պատերազմում և այժմ փոխանցում է իր փորձը։ Այսօր ես խոսել եմ այժմ Ադրբեջանում գտնվող մեր փորձագետների հետ։ Նրանք, անկասկած, աջակցում են մեր գործընկերներին։ Իհարկե, մենք զարգացնելու ենք մեր համագործակցությունը և համատեղ արտադրությունը»,- նշել է նա։
Հավանաբար, խոսքն Ադրբեջանում տեղակայված ուկրաինական խմբի մասին էր, որի նպատակը «օդային տարածքի և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության ոլորտում փորձագիտական կարծիքների» փոխանակումն է։
Զելենսկին հանդիպել է այդ խմբի հետ, որի ղեկավարը նրան տեղեկացրել է «իրենց աշխատանքի նախնական արդյունքների» մասին, որն, ըստ Ուկրաինայի պնդման, իրականացվել է համագործակցության միջազգային ծրագրի շրջանակում։
Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչպիսի աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին փորձագետների այդ ուկրաինական խումբը։
Զելենսկին հավելել է, որ Ադրբեջանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը «այսօր շատ լուրջ քայլ է կատարել՝ համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին այն մարդասիրական օգնության համար, որն Ադրբեջանը ցուցաբերել է Ուկրաինային պատերազմի ամբողջ ընթացքում։






































