«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը օրերս հայտնել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է արձանագրել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության ընթացքում։ Այդ հիմքով դաշինքը դիմել է վարչական դատարան՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյան-ին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Ի պատասխան՝ Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս է հրավիրել՝ հայտարարելով, որ իր փաստաբանական թիմը պատրաստվում է հաղորդում ներկայացնել Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ։
Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը քաղաքական ուժերի հետ նույնականացնելու փորձերը կարող են իրավական հետևանքներ ունենալ։ Նա նշել է, որ եթե դատարանում ապացուցվեն ենթադրյալ խախտումները, իրեն կարող է սպառնալ մինչև 6 մլն դրամ տուգանք։
Հակոբյանը նաև հայտարարել է, որ խախտվել են իր՝ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները՝ մասնավորապես ընտրական իրավունքի ազատ իրականացման, արտահայտվելու ազատության և մարդու արժանապատվության պաշտպանության սկզբունքները։
Նրա պնդմամբ՝ տեղի ունեցածը կարող է դիտարկվել նաև որպես հոգեբանական ճնշում և իրավունքների սահմանափակում՝ հղում անելով համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Աննա Հակոբյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել երկու ուղղություն՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ դատական հայց ներկայացնելը՝ հիմնադրամի գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով։
«Վճռական եմ պաշտպանել իմ իրավունքները՝ որպես կին, որպես քաղաքացի, որպես ընտրող և որպես հիմնադրամի ղեկավար», – հայտարարել է նա։






































