Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասնակից 18–ամյա աշակերտ Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ նիստը պետք է կայանար ապրիլի 28–ին, սակայն Դավիթի առողջական վիճակից ելնելով խնդրել են հետաձգել նիստի օրը։
Ըստ նրա, այժմ Մինասյանը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ, այս ընթացքում նրա համար մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Կալանավորումից հետո Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է, գիտակցության կորուստ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյանի» ԲԿ, ապա «Նաիրի» ԲԿ։
ՔԿ–ի հաղորդմամբ. «Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Միքայել Մինասյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։






































