Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը կողմ է արտահայտվել Իսրայելի հետ բանակցություններին, եթե հաստատվի հրադադար։ Այս մասին հայտնել է լիբանանյան MTV հեռուստաալիքը։
«Կրակի դադարեցումն անհրաժեշտ առաջին քայլն է Իսրայելի հետ ցանկացած հետագա բանակցությունների համար»,- ասել է նա։
Աունի խոսքով՝ այն, ինչ ինքն անում է, «դավաճանություն չէ»։
«Դավաճանություն են անում նրանք, ովքեր իրենց երկիրը ներքաշում են պատերազմի մեջ հանուն օտարի շահերի,- ընդգծել է նա։- Նրանք, ովքեր մեզ ներքաշեցին պատերազմի մեջ, հիմա մեզնից պատասխան են պահանջում բանակցությունների գնալու որոշման համար՝ պատճառաբանելով, թե ազգային համաձայնություն չկա։ Բայց երբ դուք պատերազմ էիք սկսում, արդյո՞ք ունեիք ազգային համաձայնություն»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդների հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում՝ Սպիտակ տանը (քանի դեռ հրադադարն ուժի մեջ է)։
«Կարծում եմ, որ Լիբանանի նախագահը և Իսրայելի վարչապետը (Բենիամին Նեթանյահուն) առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կգան այստեղ»,- ասել է նա։
Թրամփը հիշեցրել է, որ զինադադարը պետք է տևի ևս երեք շաբաթ, և հավելել է, որ Լիբանանի ու Իսրայելի առաջնորդները «ամենայն հավանականությամբ, այդ ընթացքում կժամանեն այստեղ»։ Նրա կարծիքով՝ դա կլինի «պատմական իրադարձություն»։ Ամերիկյան առաջնորդը հույս է հայտնել, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի։






































