Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը և թագուհի Քամիլան մասնավոր կարգով կապ են հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ՝ իրենց մտահոգությունն ու կարեկցանքը հայտնելու անցած գիշեր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իրադարձությունների զարգացմանը ծանոթ աղբյուրին։
Թագավորական զույգը նաև հայտնել է, որ երախտապարտ են իրավապահ մարմինների և անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ այդքան արագ արձագանքելու համար, հավելել է աղբյուրը։
Ակնկալվում է, որ թագավորն ու թագուհին Վաշինգտոն կժամանեն վաղը, եթե ամեն ինչ ընթանա ըստ նախնական պլանի։ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ թագավորին տեղյակ են պահում իրադարձությունների ընթացքից։
«Ինչպես և սպասվում էր, օրվա ընթացքում ամերիկացի գործընկերների և մեր համապատասխան թիմերի հետ կանցկացվեն մի շարք քննարկումներ այն մասին, թե շաբաթ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները որքանով կարող են ազդել կամ չազդել այցի օպերատիվ պլանավորման վրա», — ասել է Բուքինգհեմյան պալատի մամուլի քարտուղարը։






































