Զելենսկին պատմել է, թե ինչի վրա Ուկրաինան կծախսի ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին տրանշը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկի շրջանակում տրամադրվող առաջին տրանշը կծախսվի սպառազինության արտադրության և էներգետիկայի պաշտպանության վրա. հայտնում է РБК-Украина-ն։

«90 միլիարդ եվրոյի հաստատված եվրոպական աջակցության փաթեթի շրջանակում առաջին տրանշն ուղղելու ենք ներքին արտադրությանը՝ Ուկրաինայի պաշտպանության համար։ Խոսքը անօդաչու թռչող սարքերի և miltech-ի ամբողջ ուղղության մասին է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Որպես երկրորդ ուղղություն՝ Զելենսկին նշել է էներգետիկան։ Նա ընդգծել է, որ մինչև հաջորդ ձմեռ անհրաժեշտ է առավելագույնս պաշտպանել այն ամենը, ինչ կարող է անել պետությունը։

«Դրա համար, բացի տեղական բյուջեներից, նախատեսված է միջոցների մի մասը, որը մենք կկարողանանք հատկացնել կենտրոնական բյուջեից։ Համալրումը կատարվելու է նաև 90 միլիարդանոց փաթեթի այս տրանշներից։ Մենք նախատեսում ենք դրանցից մի քանի միլիարդն ուղղել հենց էներգետիկայի պաշտպանությանը»,- ասել է նախագահը։

Նա հավելել է, որ այս հարցը քննարկվել է եվրոպական առաջնորդների հետ Կիպրոսում։

Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, Եվրոպական խորհուրդը համաձայնեցրել էր Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ Դրա մարումն իրականացվելու է ռուսաստանյան սառեցված ակտիվների հաշվին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930