Ռումինիան իր տարածքում անօդաչուի բեկորներ է հայտնաբերել Ուկրաինայի վրա ռուսաստանյան հարձակումից հետո

Ռումինիան անօդաչու թռչող սարքի բեկորներ է հայտնաբերել հարավարևելյան Գալաց քաղաքում՝ հարևան Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակումից հետո, որի հետևանքով էլեկտրասյուն և տնտեսական կից կառույց է վնասվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը։

Նախարարության տվյալներով, տուժածներ չկան։

Ռումինիան, որը ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության անդամ է, Ուկրաինայի հետ ունի 650 կմ երկարությամբ ընդհանուր ցամաքային սահման և բազմիցս մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ, երբ Մոսկվան հարձակվել է Դանուբի մյուս ափին գտնվող ուկրաինական նավահանգիստների վրա։

Թեև անօդաչուների բեկորներ պարբերաբար ընկնում են Ռումինիայի տարածքում, շաբաթ օրն առաջին անգամ գույքային վնաս է հասցվել։ «Պաշտպանության նախարարությունը վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության անպատասխանատու գործողությունները և ընդգծում, որ դրանք նոր մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը Սևծովյան տարածաշրջանում,- ասված է նախարարության հայտարարության մեջ։ — Նման միջադեպերը վկայում են միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության անհարգալից վերաբերմունքի մասին և վտանգի տակ են դնում ոչ միայն Ռումինիայի քաղաքացիների անվտանգությունը, այլև ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգությունը»։

Ռումինիայում բրիտանական օդային ոստիկանության առաքելության կազմում ընդգրկված երկու Eurofighter Typhoon կործանիչներ օդ են բարձրացվել օդային հարձակմանը հետևելու համար, ինչը ստանդարտ ընթացակարգ է։ Հարևան Տուլչա շրջանի բնակիչները նույնպես նախազգուշացվել են պատսպարվելու անհրաժեշտության մասին։

Վերջին ամիսներին Եվրոպայի արևելյան թևում լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ ռուսաստանյան անօդաչուները, ըստ տեղեկությունների, խախտել են ՆԱՏՕ-ի մի քանի պետությունների օդային տարածքը։ Ռումինական օրենսդրությունը թույլ է տալիս խաղաղ ժամանակ խոցել անօդաչու սարքերը, եթե վտանգ կա կյանքին կամ գույքին, սակայն առայժմ դա չի արվել։

Պաշտպանության նախարար Ռադու Միրուտան ուրբաթ հայտարարել է, որ ամերիկյան արտադրության արհեստական բանականության հիմքով անօդաչուների դեմ պայքարի համակարգը կինտեգրվի ազգային հակաօդային պաշտպանության համակարգերին վերջնական փորձարկումներից հետո՝ մի քանի օրվա ընթացքում։ Ըստ Միրուտայի, Merops համակարգը, որը մշակվել է ամերիկյան Project Eagle ընկերության կողմից (որին աջակցում է Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը), կկարողանա դիմակայել անօդաչուների սպառնալիքներին Դանուբ գետի երկայնքով։ Լեհաստանն արդեն օգտագործում է այս համակարգը ՆԱՏՕ-ի արևելյան թևում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930