Գերմանիան նավեր կուղարկի Հորմուզի նեղուց, Rheinische Post թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Ըստ նրա, Հորմուզի նեղուցում գերմանական ռազմածովային ուժերի տեղակայման նախապայմանը նախևառաջ մարտական գործողությունների դադարեցումն է։
«Ի վերջո, մենք Եվրոպայի խոշորագույն զինված ուժերից մեկն ենք և, հետևաբար, պետք է պատասխանատվություն ստանձնենք: Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ չենք կարող գերլարվել: Մեր նավատորմը շատ լավ է տիրապետում ականների հայտնաբերման և վնասազերծման հմտություններին: Հենց այդ կարողությունների վրա էլ կկենտրոնանանք: Հենց սա է այն, ինչ մենք կարող ենք տրամադրել՝ նպաստելու ազատ ու անվտանգ նավագնացությանը Հորմուզի նեղուցում»,- ասել է Պիստորիուսը:
Նախարարը հայտնել է, որ տարածաշրջանում տեղակայումը հնարավոր է միայն Բունդեսթագի մանդատի առկայության դեպքում։
«Ժամանակ խնայելու համար մենք որոշել ենք գերմանական ստորաբաժանումների մի մասը նախապես ուղարկել Միջերկրական ծով, որպեսզի մանդատի հաստատումից հետո այլևս ժամանակ չկորցնենք: Ես հենց այդպես վարվեցի, երբ խոսքը վերաբերում էր Կարմիր ծովում ԵՄ «Ասպիդես» (Aspides) ռազմածովային առաքելության մեկնարկին: Այն ժամանակ ես որոշեցի մասնակից ֆրեգատը նախապես ուղարկել Միջերկրական ծով՝ սպասելով ԵՄ որոշմանը և Բունդեսթագի մանդատին: Դա զգալիորեն արագացրեց տեղակայման մեկնարկը»,- պատմել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։
Նա հավելել է, որ մոտ ժամանակներս Գերմանիան ականազերծող նավ կուղարկի Միջերկրական ծով և դրան կհատկացնի հրամանատարական-մատակարարման նավ:
«Հորմուզի նեղուցում աջակցությունն ապահովելու համար մենք ժամանակավորապես և ողջամիտ կերպով կկրճատենք մեր պարտավորությունները այլ վայրերում՝ մեր գործընկերների հետ համաձայնությամբ»,- ասել է Պիստորիուսը:






































