Ավստրալիան շաբաթ օրը հրաժարվել է օգնել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ենթադրյալ ահաբեկիչների հետ կապ ունեցող քաղաքացիների հայրենադարձմանը՝ Սիրիայի ճամբարներից մեկից ավստրալական որոշ ընտանիքների տուն վերադառնալու փորձերի մասին լուրերի ֆոնին, հայտնում է AFP-ն։
ABC ազգային հեռուստաընկերությունը, հղում անելով Roj ճամբարի տնօրենին, հայտնել է, որ ուրբաթ օրը ավստրալացի չորս կին և նրանց ինը երեխաներն ու թոռները լքել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ճամբարը։ Սիրիացի զինվորականները նրանց տեղափոխել են Դամասկոս՝ օգնելով մեկնել Ավստրալիա։
«Ավստրալիայի կառավարությունը չի զբաղվում և չի զբաղվելու Սիրիայից մարդկանց հայրենադարձմամբ,- AFP-ին տված հայտարարության մեջ ասել է կառավարության ներկայացուցիչը։ — Մեր անվտանգության ծառայությունները հետևել և շարունակում են հետևել Սիրիայում տիրող իրավիճակին՝ համոզվելու համար, որ պատրաստ են ընդունել ցանկացած ավստրալացու, որը ցանկանում է վերադառնալ Ավստրալիա: Այս խմբի մարդիկ պետք է իմանան, որ եթե հանցագործություն են կատարել և վերադառնան Ավստրալիա, ապա կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։
Մամուլի քարտուղարի վկայությամբ, կառավարության գլխավոր առաջնահերթությունը ավստրալացիների անվտանգությունն ու երկրի ազգային շահերի պաշտպանությունն է։
Այս խմբում կա 34 ավստրալացի, որոնց չէր հաջողվել տուն վերադառնալ փետրվարին՝ ըստ տեղեկությունների՝ սիրիական կառավարության հետ կոորդինացման խնդիրների պատճառով։ Այն ժամանակ վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել էր, որ կառավարությունը նրանց որևէ աջակցություն չի ցուցաբերի։
ԻՊ անդամների ընտանիքների հայրենադարձումը Ավստրալիայում հակասական կարծիքների տեղիք է տալիս. որոշ քաղաքական գործիչներ զգուշացնում են, որ նրանք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար։ 2023 թվականին Save the Children ավստրալական մարդասիրական կազմակերպությունը հայց էր ներկայացրել Roj ճամբարի 11 կանանց և 20 երեխաների անունից՝ պահանջելով նրանց հայրենադարձումը։ Սակայն Դաշնային դատարանը որոշում էր կայացրել ընդդեմ Save the Children-ի՝ հայտարարելով, որ Ավստրալիայի կառավարությունը չի վերահսկել Սիրիայում նրանց կալանքի տակ գտնվելը։






































