ԵՄ երկրները պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով Հորմուզի նեղուցի հարցը. Կալլաս

ԵՄ երկրները պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ դրանցում ներառելով բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են Հորմուզի նեղուցի փակման համար։ Դրա մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը, հայտնում է Reuters-ը։

Կալլասը տեղեկացրել է նաև, որ Լյուքսեմբուրգում անցկացված հանդիպման ժամանակ ինքը դիմել է արտգործնախարարներին՝ խնդրելով ուժեղացնել ԵՄ ռազմածովային առաքելությունը Մերձավոր Արևելքում, որն այս պահին Կարմիր ծովում պաշտպանում է նավերը եմենյան հուսիթների հարձակումներից։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո Իրանը հայտարարեց նեղուցով առևտրի դադարեցման մասին, որով անցնում է համաշխարհային նավթի մինչև 20%-ը և հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ավելի քան 30%-ը։

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին հայտնեց նեղուցը նավագնացության համար բացելու մասին՝ դա կապելով Լիբանանում հրադադարի հաստատման հետ։ Նույն օրը հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ նեղուցով զբոսանավ անցավ։

Ապրիլի 18-ին Թեհրանը հայտարարեց նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողության վերականգնման մասին, իսկ ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնեց այն կրկին փակելու մտադրության մասին՝ մինչև ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացումը։ Իրանցի զինվորականները նաև հետ են դարձրել նեղուցով անցնել փորձող երկու լցանավ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930