Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ և դասախոս Սմբատ  Լպուտյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Մելիքյանը պարզաբանել է, որ Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ խարդախությանն օժանդակելը և պաշտոնական կեղծիքը։«Ես հստակ նշեմ, որ խոսքը Մանկավարժական համալսարանում գործող շախմատի դասավանդումը հետազոտող կենտրոնի գործունեության մասին է։ Այս պատմությունը որևէ կապ չունի Սմբատ Լպուտյանի գործունեության մյուս ուղղությունների՝ Շախմատի ֆեդերացիայում, Շախմատի ակադեմիայում նրա աշխատանքների կամ Մանկավարժական համալսարանում ամբիոնի վարիչ լինելու հետ»,- ասել է Մելիքյանը։

Փաստաբանը մանրամասնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննչական գործողությունների ժամանակ հստակ հայտարարել է, որ դիտավորությամբ որևէ գործողություն չի իրականացրել։  

Մելիքյանն ասել է, որ Սմբատ Լպուտյանը ղեկավարում է Մանկավարժական համալսարանում գործող շախմատի դասավանդման հետազոտող կենտրոնը, ունի 2 տասնյակից ավելի աշխատակիցներ, որոնցից մեկի գործունեության հետ կապված կարող են հարցեր լինել։«Ես այս պահին պատճառ չունեմ նախաքննական մարմնի գործողություններն այս պահին ոչ իրավաչափ որակելու։ Հատուկ ուզում եմ նշել, որ մենք թաքցնելու որևէ բան չունենք, բայց նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ։ Հուսով ենք, որ նախաքննությունը արագ կվերջանա, հուսով ենք, որ արդյունքը կլինի այն, որ Սմբատ Լպուտյանի գործողություններին կտրվի ճիշտ գնահատական և նրա արդար լինելը կհաստատվի»,- ընդգծել է Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու մի խումբ այլ աշխատակիցներ։ 

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930