Երևանի Հաղթանակ թաղամասի՝ 4–րդ գյուղի թաղամասի տների հետ կապված խնդիրը լուծելու համար քաղաքական որոշում է պետք, որովհետեւ այլ միջոցներով խնդիրը չի լուծվում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մարդիկ դիմում են, ես բնականաբար հանձնարարություն եմ տալիս, ասում եմ նայեք և լուծումներ գտնենք։ Հետո ուզում եմ հասկանալ՝ ինչ եղավ, տեսնում եմ, որ կա օրենսդրական կամ իրավական ինչ-որ խոչընդոտ, որ պետական համակարգի այն օղակների համար, որոնց հանձնարարությունը տրվել է, հաղթահարելի չէ։ Այսինքն պրոբլեմը չի լուծվում։
Հիմա էդ տներն ի՞նչ ենք անելու, դեմոնտա՞ժ ենք անելու այդ տները, ակնհայտորեն ոչ, դա ըստ էության բացառվում է, հետևաբար պետք է լուծում գտնենք, այդ լուծումը չի կարող լինել զուտ վարչարարական, այդտեղ քաղաքական լուծումներ են հարկավոր և բարձր մակարդակով պետք է զբաղվել ու այդ էջը փակել։ Այստեղ պետք են քաղաքական ոչ ստանդարտ լուծումներ, ոչ ստանդարտ որոշումներ։ Այնտեղ, որտեղ պետք է օրենսդրական փոփոխություն, պետք է գնալ օրենսդրական փոփոխություն անել, որպեսզի այդ խնդիրը լուծվի։
Փաստացի այդ գույքը այդ մարդկանց գույքն է, իրենք փաստացի տիրապետում են, բայց իրենք այդ գույքի հետ ոչ մի գործողություն չեն կարողանում անել, ասենք վաճառելու խնդիր կա, ժառանգելու խնդիր և այլն»,–ասաց Փաշինյանը։
Նա առաջարկեց ընդհանրապես, ճգնաժամային հարցերի, տևական, երկարամյա հարցերի լուծման մի մեխանիզմ ստեղծել՝ աշխատանքային խմբի ֆորմատով։
Հիշեցնենք, որ 4–րդ գյուղի բնակիչները բազմաիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել, պահանջել են կարգավորել իրենց տների հարցը, որպեսզի հնարավորություն ունենան վաճառել, ժառանգել, սակայն խնդիրը մինչ օրս չի լուծվում։






































