Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը, որոշ ընթացակարգեր կպարզեցվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծին, որով առաջարկվում է ընդլայնել օրինապահ հարկ վճարողների համար գործող արտոնությունները և բարելավել համակարգի կիրառման մեխանիզմները։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց, որ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը և հարկային վարչարարության շարունակական բարելավումը:

«Սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք վերաբերում են հարկային և մաքսային վարչարարության ավելի բարենպաստ մոտեցումների կիրառմանը, այդ թվում՝ դիմում-բողոքների ավելի սեղմ ժամկետներում քննությանը, օրենսդրական փոփոխությունների անհատական իրազեկմանը և վարկեր ստանալիս ռիսկայնության էական նվազմանը, ինչը հանգեցնում է վարկավորման առավել լավ պայմանների, այդ թվում՝ ցածր տոկոսադրույքների»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ պահպանելով դրա դադարեցման հնարավորությունը։ Միաժամանակ նախատեսվում է իրականացնել նման հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով՝ առանց յուրաքանչյուր 12 ամիսը մեկ նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտության։

«Մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0․8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկոսով նվազեցնել ռիսկերը, ինչը կնվազեցնի համալիր ստուգումների հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ»,- ասաց նա։

Հակոբյանը նաև նշեց, որ նախատեսվում է ներդնել անհատական սպասարկման մեխանիզմ՝ օրինապահ հարկ վճարողների համար։

«Զուգահեռաբար Կառավարության որոշման նախագիծ ենք շրջանառում, որով վերանայելու ենք օրինապահության չափանիշները և օրենքի նախագիծը մշակելուց հետո կներկայացնենք Կառավարության քննարկմանը»,-հավելեց նա։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է մեղմել ավելացված արժեքի հարկի վերադարձի ռիսկայնության չափանիշները օրինապահ հարկ վճարողների համար՝ համապատասխան կարգավորումները սահմանելով ՊԵԿ նախագահի հրամանով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930