Մենք հրավիրել ենք Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած և ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին, ոմանք սեփականատերեր, կառավարիչներ և տնօրեններ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13–ին, Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ գործառույթի համար, որը դուք իրականացնում եք, նաև այն պատճառով, որ ընկերությունները հիմնականում, 2018–ից մինչև օրս արձագանքող են եղել և շարունակում են արձագանքող լինել կառավարության քաղաքականություններին։ Մեր հիմնական ընդգծումներից մեկն այն է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 288 հազար աշխատատեղ է ստեղծվել, բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դուք եք ստեղծել։ Իհարկե, կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան և միջավայր են ստեղծել։
Ի սկզբանե մենք շատ կենտրոնացած էինք այն հարցի վրա, թե ինչքան աշխատատեղ ստվերից պարզապես դուրս է եկել, ինչքան է զրոյից ստեղծվել, բայց հետո հասկացանք, որ այդ խոսակցությունը շատ խճճող է։ Շատ կարևոր է, որ մենք այս դինամիկան շարունակենք»,–ասաց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ ՔՊ–ն նախընտրական ծրագրում ներառել է տարեկան առնվազն 25 000 աշխատատեղ ստեղծելու հարցը. «Ընդհանրապես աշխատանքի շուկայում այն պրոցեսները, որոնք հիմա տեղի են ունենում և սպասվում են, պետք է հատուկ ուշադրության առարկա լինի, այդ թվում այն պատճառով, որ արհեստական բանականության ներդրումը և ավելի ու ավելի մեծ ներառումը տնտեսության մեջ ռիսկեր է առաջացնում, այդ թվում աշխատատեղերի մասով։
Ես համոզված եմ, որ ընկերությունների մի մասը արդեն կիրառում են այդ գործիքը, մյուսները անխուսափելիորեն կիրառելու են, և դա որոշակիորեն ռիսկեր է բերում աշխատատեղերի տրանսֆորմացիայի և դերաբաշխման առումով։ Ընդհանրապես կանխատեսում կա, որ որոշ մասնագիտություններ գնալով կամ վերանալու են, կամ ավելի քիչ դերակատարում են ունենալու, սկսած արդյունաբերությունից, շարունակած առողջապահությունով, կրթությունով։ Այստեղ շատ մեծ վերլուծական և գործնական աշխատանք է պետք, որպեսզի մենք հանկարծ խնդիրների առաջ չկանգնենք երկարաժամկետում։
Մենք վերջին տարիներին միլիարդներ ենք ծախսել, որպեսզի տնտեսությունը արդիական և արտադրողական արդյունավետ լինի և այս առումով մեր ամենահաջողված ծրագրերից մեկը տնտեսության արդիականացման ծրագիրն է, որը մենք խոսակցական լեզվով լիզինգի ծրագիր ենք անվանում։ Ինքը շատ էական դերակատարում է ունեցել, որպեսզի մենք տնտեսական այս դինամիկան ապահովենք։
Մեծ հաշվով 2018-ից մինչև օրս ի հեճուկս 2020 թվականի Քովիդի ու պատերազմի, մենք միջինում 7% տնտեսական աճը ապահովել ենք»,–ասաց վարչապետը։







































