Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Առաջ»-ը պսակվեցին, երկնեցին ու Քվազիմոդո ծնեցին

Երկրորդ նախագահ Քոչարյանի, ՀՅԴ-ի ու որդի Լևոնի ընկերների ստեղծած «Առաջ Աջակենտրոնը» օրերս հրապարակեցին իրենց նախընտրական ամուսնության արդյունքում ծնված «Հայաստան» անունով դաշինքի «քիփլիկ» ցուցակը՝ ցուցակի առաջին 30-յակը։ Այս երեքի միությունն, ինչպես երևում է, ծնել է ավելի վատ պրոդուկտ, քան 2021-ին մեկ այլ ամուսնությունից՝ Քոչարյան+ՀՅԴ+«Վերածնվող Հայաստան» միաձուլումից էր ծնվել։ Նկատենք, որ ցուցակի առաջին 30-յակում տեղ չեն գտել Քոչարյանի հետ իրենց անունը կապած ու այդ կապի հետևանքով սեփական հեղինակությունը տեղը տեղին մաշեցրած այնպիսի պերսոններ, ինչպիսիք են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Էլինար Վարդանյանը, կարկառուն ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, նիկոլատյաց Ասպրամ Կրպեյանն ու այլք․․․

Ցուցակի առաջին «պատվավոր» եռյակում նույն դեմքերն են՝ Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան։ Առաջին երկուսի մասին նոր բան ասելը դժվար է, քանի որ անցած առնվազն 5 տարիների ընթացքում այս մարդիկ իրենց գործողություններով ու հայտարարություններով իրենց մասին ասել են հնարավոր ամեն ինչ։ Եվ իրենցով մարմնավորում են այն գործիչներին, որոնց ՀՀ քաղաքացիների մեծ մասը ոչ մի կերպ չի ուզում տեսնել ՀՀ վարչապետի ու պատգամավորի պաշտոնում։ Եռյակի առաջին կին թեկնածուի մասին, սակայն, չենք հոգնի կարևոր հանգամանք հիշեցնել․ Գրիգորյանը Քոչարյանի թիմում հանգրվանեց 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ մանդատ ստանալով ու «Իմ քայլ» դաշինքը կայծակնային արագությամբ լքելուց որոշ ժամանակ անց։ Գրիգորյանի ընդդիմացումը, այն էլ՝ դրա ամենածայրահեղ՝ ռադիկալ դրսևորման տեսքով, տեղի ունեցավ մի շրջանում, երբ կառավարող ուժից «թռնելը» խրախուսվում էր ոչ միայն բարոյական աջակցությամբ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նաև դրամական պարգևատրմամբ, որից, ըստ տեղեկությունների, օգտվել են «թռածներից» ոմանք։

Քոչարյանի գլխավորած ցուցակի չորրորդ տեղում մեկն է, որն իր հերթին է «թռել» մեկ այլ՝ նախկինում կառավարող կուսակցությունից՝ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ից։ Խոսքը Սևակ Խաչատրյանի՝ նույն ինքը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ «կիլդիմ բռնող Սաքուլիկի», Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավարի մասին է։ Սերժ Սարգսյանի նախկին կուսակիցը, նկատենք, սովորական կուսակցական չի եղել, այլ՝ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ, Երևանի Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, պաշտոնից հրաժարական է տվել 2018-ին, հեղափոխությունից որոշ ժամանակ հետո։

Ի՞նչն է ուշագրավ՝ Սերժ Սարգսյանի պահած, աճեցրած, խոստումնալից կադրերից այս մեկը, փաստորեն, նոր «բրենդով»՝ իր հիմնադրած կուսակցության միջոցով է տեղ գտնելու Քոչարյանի մերձավոր շրջապատում, իրազեկվելու վերջինիս ամեն մի շնչի ու արտաշնչի մասին, չի բացառվում՝ իր տեսածի ու լսածի մասին իրազեկելով ում որ պետք է։

Իր դիրքերը 2021-ի ցուցակի համեմատ՝ կարգաթվի տեսքով, ահագին բարելավել է որդի Քոչարյանը, որը 2021-ի ցուցակում 50-րդ տեղում էր, այս անգամ 10-րդ տեղում է։ Թե ո՞ր հունարի, ունեցած ո՞ր աշխարհացունց ելույթի, հեղինակած ո՞ր ազգանպաստ օրինագծի ու աստվածահաճո նախաձեռնության շնորհիվ՝ հայտնի չէ։ Երևի հայր Քոչարյանը մտածել է այս անգամ անցողիկ տեղում դնել որդուն, որ, մարդ ես, եթե քրեական հետապնդման, ազատազրկման հարց ծագի, «մանդատ»-ն այս անգամ էլ հասնի փրկության՝ ինչպես 2023-ին, ու գործը չհասնի ցուցակի՝ իրենց մանդատի հերթին սպասողներին դրանից հրաժարվելուն պարտադրելուն։ Հիշո՞ւմ եք, «Հայաստան»-ի ընտրական ցուցակի մի քանի անդամ հրաժարվեցին վերցնել իրենց «փայ» մանդատը, որպեսզի տեղ բացվի Լևոն Ռոբերտիչի պատգամավորացման համար։ Հիշեցնենք՝ բժիշկ Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելուց հետո այն պետք է անցներ դաշինքի հաջորդ համարին․ հաջորդ 3 համարները՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, «Վերածնվող Հայաստան»-ի ղեկավար Վահե Հակոբյանի կուսակից Անժելա Նալբանդյանն ու ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, սակայն, հրաժարվեցին մանդատից։ (Լ․ Քոչարյանը 2023 թ․ սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, կիրառվեց խափանման միջոց կալանք)։ Մամուլը գրեց, որ իրենց մանդատը զոհաբերածներին Քոչարյանները խոստացել են վարձահատույց լինել ֆինանսապես՝ վճարելով պատգամավորի համար օրենքով նախատեսված մի քանի տարվա աշխատավարձը։ Վարձահատույց լինելու տրամաբանության մեջ է, գուցե, որ նույն Միհրդատ Մադաթյանը, որը ոչնչով աչքի չընկնող, ընդհուպ՝ լայն հանրությանն անհայտ հոգեբան է, այս անգամ էլ է հանգրվանել Քոչարյանի գլխավորած դաշինքի ցուցակում և, նկատենք, ահագին բարելավել իր դիրքերը՝ 2021-ին ընտրական ցուցակի 47-րդ հորիզոնականում էր, 2026-ին՝ 25-րդ։ Նկատենք, ավելի բարձր հորիզոնականում, քան, ասենք, «հազար տարվա» դաշնակցական ու նույնքան տարվա պատգամավոր, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է։ Վերջինս 2021-ին ցուցակի 10-րդ տեղում էր, այս անգամ՝ 29-րդ։

Մի քանի քրեական գործով անցնող Գերասիմ Վարդանյանն էլ, նկատենք, 2021-ին ցուցակում իր զբաղեցրած 49-րդ հորիզոնականից այս անգամ բարձրացել է 19-րդ հորիզոնական։ Վատ չէ, ընկեր Գերասիմ, «լավություն արա, ջուրը գցիր» խոսքը, փաստորեն, աշխատել է այս դեպքում՝ 2023-ին արված «լավությունը» 2026-ին փոխհատուցվել է ցուցակում առաջխաղացմամբ։

«Քոչարյան & Co» ցուցակի «պերճանքն ու թշվառությունը» այսքանով չի սահմանափակվում․ դրանում տեղ են գտել «Ռոբերտ Քոչարյան՝ մարդ-ունիկում, անգերազանցելի քաղաքական հանճար»-ի գովքը երգած այնպիսի «սազանդարներ», ինչպիսիք են լրագրող Բորիս Մուրազին՝ նույն ինքը Բորիս Թամոյանը, «Առաջ Աջակենտրոն»-ի հիմնադիրներից մեկ այլ նախկին ՀՀԿ-ական ու ժամանակին «մոլի սերժական» Նարեկ Մաթաշյանը ցուցակի 17-րդ հորիզոնականում է, «Հայաստան» դաշինքը լքած ու «Մայր Հայաստան» շարժումը ստեղծած Անդրանիկ Թևանյանի զինակից, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԵԿՄ անդամ, հանգուցյալ գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի երբեմնի օգնական Մեսրոպ Մանուկյանը, Սեյրան Օհանյանի օգնական և նախկին ՀՅԴ-ական, հայհոյախոսությամբ ու իշխանության հանդեպ բռնության կոչերով աչքի ընկնող Ռուբիկ Հակոբյանի որդի, Երևանի ավագանու՝ վերջերս մանդատը վայր դրած Սամվել Հակոբյանը, ինչպես նաև «սրբազան շարժման» առաջնորդ Վազգեն Գալստանյանին և մյուսներին առաջադրված քրեական գործով ամբաստանվող ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Ընտրական ցուցակի 30-յակի անդամների մի մասն էլ, նկատենք, հանրությանն անհայտ դեմքեր են՝ փաստաբան Ռուբինա Պետրոսյան, որն, ի դեպ, 2021-ին էլ էր ընդգրկված ցուցակում, Անուշ Առաքելյան, Անուշ Բրուտյան։

Եթե Քոչարյանին հաջողվի իր երկնած-ծնած դաշինքի միջոցով խորհրդարան անցնել՝ հաղթահարելով նվազագույն շեմը, ապա խորհրդարանում սույն խմբակցությունը ներկայացված է լինելու գրեթե նույն՝ հանրության ականջներն իրենց ելույթներով «մազոլ արած» կերպարներով։ Խորհրդարանի աշխատանքին հետևողների մոտ «դեժավյու»-ն երաշխավորված է։

Քոչարյանը, ենթադրվում է, նորից կհրաժարվի իր մանդատից, քանի որ նրան այս անգամ էլ բախտ չի վիճակվի տիրել վարչապետի գահին, ԱԺ-ում կլինեն Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930