Էստոնիան Վրաստանում աշխատանքը դադարեցրած իր դեսպանին տեղափոխել է Հայաստան

Էստոնիան պաշտոնապես դեսպանություն է բացել Երևանում՝ այնտեղ տեղափոխելով իր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին՝ Վրաստանում նրա աշխատանքի դադարեցումից հետո։ Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն։

Դիվանագիտական ներկայացուցչության բացումը տեղի է ունեցել ապրիլի 10-ին՝ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի մասնակցությամբ։ Տալինում այս իրադարձությունն անվանել են «վստահության, հանձնառության խորհրդանիշ և նոր գլուխ Էստոնիայի ու Հայաստանի հարաբերություններում»։

Մարգե Մարդիսալու-Կահարը մարտի 10-ին ավարտել է իր առաքելությունը Վրաստանում։ Այս պահին Թբիլիսիում Էստոնիան ներկայացնում է գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։

Տալինը Կահարի աշխատանքի դադարեցման որոշումը բացատրել է Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների սառեցմամբ և միաժամանակ Հայաստանի հետ շփումների ամրապնդմամբ։ Էստոնիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկրի իշխանությունների՝ ժողովրդավարական սկզբունքներից «համակարգված օտարման» պատճառով վրացական ինստիտուտներին աջակցությունն այլևս իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ։

Ըստ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, այս որոշման մեջ «առանձնահատուկ ոչինչ» չկա։ Նա նշել է, որ Էստոնիան պաշտոնապես չի ծանուցել իրենց դեսպանի տեղափոխման մասին։

Էստոնիան Վրաստանում դեսպանություն է բացել 2006 թվականին, իսկ Վրաստանը Էստոնիայում՝ 2007-ին։ Այս պահին Վրաստանը դեսպան չունի Էստոնիայում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930