Իրանում կրած մեծ կորուստների պատճառով ԱՄՆ ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) գործարկում են 68 տարվա լիցքավորող ինքնաթիռը, հայտնում է Bild-ը։
Մարտին Իրաքի արևմուտքում կործանվել էր ամերիկյան KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին անձնակազմի բոլոր վեց անդամները։ Դրանից կարճ ժամանակ անց Սաուդյան Արաբիայում ամերիկյան բազայի վրա իրանական հարձակումների հետևանքով վնասվել էին նաև գետնին գտնվող առնվազն հինգ այլ KC-135 լիցքավորող ինքնաթիռներ։
Այժմ ԱՄՆ ՌՕՈւ-ն արձագանքում է ստեղծված իրավիճակին և վերադարձնում է հին ինքնաթիռներն անապատից։ FlightGlobal պորտալն առաջինն է հայտնել, որ Արիզոնայի Դևիս-Մոնթան ՌՕՈւ բազայի պահեստարանից վերագործարկվել են առնվազն երկու KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռներ, այդ թվում՝ 58-0011 բորտային համարով 68 տարվա մեքենան։ Ինքնաթիռները տեղափոխել են Օքլահոմայի Թինքեր ՌՕՈւ բազա, որտեղ գտնվում է Ռազմաօդային լոգիստիկ համալիրը՝ տեխնիկական սպասարկման և վերանորոգման խոշոր կենտրոնը։
KC-135 լիցքավորողները կենտրոնական դեր են խաղում ԱՄՆ ՌՕՈւ-ի համար։ Դրանք օդում վառելիքով են ապահովում այնպիսի կործանիչների, ինչպիսիք են F-15-ը, F-22-ը և F-35-ը։ Այս ինքնաթիռներից են կախված նաև B-2 ռմբակոծիչները։ Միայն օդային լիցքավորման շնորհիվ են հնարավոր դառնում հեռավոր և տևական առաքելությունները, ինչպես Իրանի հետ պատերազմն է։
Շատ KC-135 լիցքավորողներ դեռևս 1950-ական թվականների արտադրության են։ Ի սկզբանե դրանք պետք է փոխարինվեին KC-46 Pegasus տիպի ավելի ժամանակակից մեքենաներով, սակայն այս մոդելն ունի տեխնիկական խնդիրներ, ուստի ԱՄՆ ՌՕՈւ-ն այժմ դիմում է Արիզոնայի անապատի իր հին պահուստներին։






































