Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 2/1 հասցեում կրակ և ծուխ են նկատվում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված հասցեից, որն ավելի շատ օգտագործվում էր որպես կացարան և ժողովրդին հայտնի է որպես «դարիկնոց», տեղի աշխատակիցները, քաղաքացիները ու հրշեջ-փրկարարները տարհանել են 10-ից ավելի քաղաքացիների և պայքարել են կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջներին հաջողվել է շատ արագ նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ից։ Տեղում պարզվել է, որ տարածքը ճիշտ է գազաֆիկացված է, սակայն գազի արտահոսք տեղի չի ունեցել և հրդեհը գազի հետ ոչ մի առնչություն չունի։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները և ըստ նրանց՝ հրդեհի պատճառը քաղաքացու կողմից անցկացված էլեկտրալարերի սխալ մոնտաժման արդյունքն է, մինչդեռ շինության տերը՝ նույն ինքը «Դարիկոն», կայքի հետ զրույցում ասում էր, որ հրդեհի պատճառը էլեկտրացանցի ոչ ճիշտ աշխատանքն է եղել, քանի որ ինքը մի քանի անգամ դիմել է էլեկտրացանց այդ հարցով։
Կայքի տեղեկություններով՝ տարհանված բոլոր քաղաքացիները հնդիկներ են։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել։





































