Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունն աստիճանաբար մոտենում է տրամաբանական հանգուցալուծմանը։ Այս շաբաթ կայացան քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները։ Կիսաեզրափակչի ուղեգրին զգալիորեն մոտեցել են Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն, Մադրիդի «Ատլետիկոն» և Լոնդոնի «Արսենալը», որոնք հաղթանակներ են տոնել իրենց առաջին խաղերում: Ընդ որում, բացի փարիզյան ակումբից, մյուս երեք թիմերն այդ առավելությանը հասել են արտագնա խաղերում:
Զուգահեռաբար, արդեն հայտնի են այն չորս ակումբների անունները, որոնք հաստատապես հանդես կգան եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հաջորդ խաղարկությունում: 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի ուղեգրեր են նվաճել «Արսենալը», «Բարսելոնան», «Բավարիան» և ՊՍՎ-ն:
Նշենք, որ Էյնդհովենը ներկայացնող ՊՍՎ-ն օրերս հռչակվել է Նիդերլանդների չեմպիոն, իսկ «Արսենալը», «Բարսելոնան» և «Բավարիան» իրենց ազգային առաջնություններում մաթեմատիկորեն երաշխավորել են, որ մրցաշարային աղյուսակում այլևս չեն իջնի Չեմպիոնների լիգայի գոտուց:






































