Մենք Երևան քաղաքում բնապահպանական և կյանքն ավելի հարմարավետ դարձնելուն ուղղված երեք խոշոր ծրագիր ունենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրանցից մեկը Հրազդան գետի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, հաջորդը Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ պուրակ ստեղծելու մասին է, և հաջորդը Նորք–Մարաշում արդեն վերադարձված ավելի քան յոթ հեկտար տարածքի վրա քաղաքային անտառ պուրակ ստեղծելու նախագծի մասին է։
Մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը։ Այստեղ կարևոր է նաև այն, որ տվյալ հատվածն արդեն ապրում է որպես այդպիսին, հատկապես շաբաթ-կիրակի օրերին մարզվող, վազքով, քայլքով, հեծանիվով զբաղվող, ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ։ Հիմա մեր խնդիրը այդ գործունեությունը կամ այդ ժամանցը ավելի հարմարավետ դարձնելն է։
Խնդիր կա, որ մարդը այդտեղ ավելի երկար ժամանակ անցկացնելու համար ունի որոշակի սահմանափակումներ, որովհետև դե վազքը՝ վազք, սպորտը՝ սպորտ, հեծանիվը՝ հեծանիվ, բայց դա անընդհատ չի։ Լավ, ժամուկես, երկու ժամ զբաղվում ես դրանով, բայց հետո մի բաժակ թեյ, սուրճ խմելու կամ կամ ուղղակի նստել, հանգստանալու անհրաժեշտություն կա, և հիմա ամբողջը արվում է ժամանցի այդ ձևը հնարավորինս այդ տարածքում երկարացնելու, էկոմիջավայրում անցկացնելու հնարավորություն ստեղծելու և հարմարավետ դարձնելու և երկարացնելու մասին է։
Իհարկե մենք տեղում նախագիծը նայել ենք, շատ լավ նախագիծ է և պետք է պարզապես իրականացնել այն տրամաբանությամբ, որ մենք Հրազդանի կիրճի ավելի խոշոր հատվածը ուսումնասիրված է։ Հիմա կառավարությունը իր աշխատանքը պետք է անի, Ազգային ժողովում մեր գործընկերները հույս ունեմ կընդունեն այդ օրենքը, որից հետո արդեն տարածքը հատուկ կարգավիճակ կստանա»,–ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ ցանկություն չունեն անհարմարավետություններ ստեղծել հնարավոր ներդրումների համար, եթե այդ ներդրումները լինեն առաջարկվող տրամաբանության մեջ։
«Դա հսկայական մեծ տարածք է և շատ մեծ պոտենցիալ ունի և Երևան քաղաքում ընդհանուր առմամբ և օդի որակի, և կյանքի որակի բարելավման առումով շատ մեծ պոտենցիալ ունի»,–ասաց նա։






































