Կտրիճ ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4–ին, ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտել կաթողիկոսին հեռացնելու հարցը։
«Լավ կլիներ, որ ուրիշ կուսակցություններ ևս իրենց ծրագրում ունենային Կտրիճ Ներսիսյանից և այլ մարդկանցից, որոնք վարկաբեկում են Հայ առաքելական սուրբ եկեղեցին, մաքրելն ու ազատելը։ Դա մեծ օգուտ կբերեր մեր պետությանը։ Այն թմբկահարումները, դոշ ծեծոցիները, որ Հայ առաքելական եկեղեցում պաշտպանում էին, պետք է պաշտպանեն նհենց նման մարդկանցից ու նման բարքերից, որոնք այնտեղ արմատացել են։
Դուք էլի անձերին նույնացնում եք կառույցների հետ։ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովը չէ, Կտրիճ Ներսիսյանը 1700–ամյա Հայ եկեղեցին չէ։ Մի նույնացրեք անձերին կառույցների հետ։ Երբ դուք քննադատում եք վարչապետին, դուք Հայաստանն եք քննադատո՞ւմ։ Իհարկե ոչ։ Բա էդ ոնց եղավ, որ մյուս պարագայում ստացվեց, որ եկեղեցուն ենք քննադատում։ Այդ երկակի ստանդարտները ե՞րբ եք դադարեցնելու»,–ասաց նա։
Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ, ՔՊ–ն հայտարարում է, որ կան Հայաստանին ուղղված սպառնալիքներ և հունիսի 7–ը ՀՀ–ի նկատմամբ այդ «քաղաքական հարձակման» ամենակարևոր օրն է լինելու, և ՀՀ քաղաքացին պետք է ՀՀ անկախությունը պաշտպանի և քաղաքական СВО (հատուկ ռազմական գործողություն–խմբ) թույլ չտա Հայաստանում. «Խոսքը ՀՀ անկախության մասին է, պատերազմի ու խաղաղության ընտրության մասին։ Քաղաքացին պետք է իր որոշումը կայացնի և տեր կանգնի իր որոշմանը»,–ընդգծեց Ալեն Սիմոնյանը։






































