Ինքնուրույն գնալ համապետական ընտրություններին, նշանակում է` ջուր լցնել իշխանության ջրաղացին. «Կայունություն»

«Կայունություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ 2026 թ. համապետական ընտրություններում սատարելու են «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր բարդագույն ժամանակաշրջաններից մեկը: Պատերազմական ծանր հետևանքներ /զոհեր,վիրավորներ, գերիներ/ Արցախի հայաթափում, Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության ոտնահարում, ավանդական արժեքների ձևախեղում, որի հետևանքով թուլացել է Հայաստանի պաշտպանունակությունը, խաթարվել երկրի անվտանգային համակարգը:

Խեղաթյուրվել է երկրի բարոյահոգեբանական դիմագիծը:Գլխիվայր շրջվել են հային ու Հայաստանին բնորոշ հատկանիշները: Հայրենասիրությունը, Արարատ, Արցախ բառերի օգտագործումը ներկայացվում են որպես պատերազմի հրահրման առիթներ:Իշխանությունները, շահարկելով ընձեռնված լծակներն ու հնարավորությունները /պետական հեռուստատեսություն, մամուլ, «ներկուսակցական» ու «աշխատանքային» հանդիպումներ/, առաջնորդվելով խմբակային շահերով, մոլորեցնում են հանրությանը, կերակրելով նրան ստի, վախի ու անորոշության ամենօրյա չափաբաժիններով:

Սուտն, իրավամբ, դարձել է պետական քաղաքականություն: Անհրաժեշտության դեպքում սևը ներկայացվում է սպիտակ, սպիտակը՝ սև: Հայաստանի Հանրապետության գոյությունն ու խաղաղության առկայությունը հանրահռչակվել են որպես օրվա իշխանության «բացառիկ» ձեռքբերումներ:Ասես իրենցից առաջ Հայաստան ու Հայկական պետություն գոյություն չեն ունեցել: Իսկ խաղաղությունն էլ «նոր» երևույթ էր, որն իրենց շնորհիվ «սկսեց ծագել Արևելքից»։

Վտանգավոր չափերի է հասել հասարակության պառակտումը: Անհանդուրժողականությունն ու ատելությունը հանրությանը քայքայում են ներսից: Այսպիսի մթնոլորտում ամենալավագույն ծրագրերն անգամ չեն կարող իրագործվել: Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է նոր միջավայրի ձևավորում, փոփոխությունների իրականացում բոլոր բնագավառներում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում ՝ հավասարակշիռ կեցվածքի որդեգրում:

Այո՛, մեզ այսօր անհրաժեշտ են փոփոխություններ:

Օրվա իշխանությունները դա անել չեն կարող: Նրանք խճճվել են իրենց իսկ հյուսած անիրավության սարդոստայնի մեջ:Ժողովրդավարության քողի ներքո հաստատվել է կառավարման մենիշխանական ձևը, որի միջավայրում լիարժեքորեն չեն գործում իշխանության տարբեր թևերի գործառույթները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ստեղծված իրավիճակում, ցանկալի փոփոխությունների հասնելու համար, երկրին անհրաժեշտ են նոր մարդիկ ու քաղաքական նոր ուժեր, որոնք զերծ կմնան վերոնշյալ սխալներից ու գայթակղություններից:

Մեր դիտարկմամբ այդպիսի ուժ է իրենից ներկայացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ:Ուստի «Կայունություն»-ը, իրատեսորեն գնահատելով իրավիճակը,ելնելով ընդհանուր գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից, հայտնում է իր աջակցությունը և սատարում է <<Ուժեղ Հայաստան>> կուսակցությանը իրընտրապայքարում:

Հորդորում ենք «Կայունություն» կուսակցության անդամներին ու համակիրներին՝ կատարելով քաղաքացիական պարտքը՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի օգտին:

«Կայունություն» կուսակցության վարչության նախագահ՝ Ֆիրդուս Զաքարյան։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930