NEWS.am–ին նոր բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել այսօր Քանաքեռ ՀԷԿ–ի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքից։
Մեր տեղեկություններով, հէկ–ի տարածքում ջրահեղձ են եղել Իրանի քաղաքացիներ՝ 25 եւ 26 տարեկան։ Ջրամբարի մոտ նրանք երեք ընկերներով են եղել։ Քաղաքացիներից մեկը ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է, որ նրան փրկի, սակայն, ինքն էլ է ջրահեղձ եղել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ քննչական մարմինների աշխատակիցները։
Ավելի վաղ, ՆԳՆ–ն հայտնել էր, որ ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։
Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղծ եղած երկու քաղաքացիների մարմինները։






































