Պայմանագիրը կնքվել է ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ. ՆԳՆ-ն պարզաբանում է հրապարակել

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, ի պատասխան «Հերթական «հրատապը». 47,5 մլն դրամի պայմանագիրը՝ առանց մրցույթի» հոդվածի, պարզաբանում է հրապարակել՝ նշելով, որ կազմակերպվել է մրցակցային գնման գործընթաց, երեք մասնակից ներկայացրել է հայտեր, ինչի արդյունքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:

«Հայտնում եմ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից «խմածությունը չափող սարքերի պահեստամասերի» ձեռքբերման նպատակով 2025 թվականի հունվարի 21-ին կազմակերպված «ՀՀ ՆԳՆ ԷԱՃԱՊՁԲ-Ա-18/2026» ծածկագրով էլեկտրոնային աճուրդը «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով հայտարարվել է չկայացած՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներկայացված հայտերից որևէ մեկը չի համապատասխանել հրավերի պայմաններին։

Քանի որ գնման գործընթացի կազմակերպման ընթացքում առաջացել է չնախատեսված իրավիճակ, ինչի հետևանքով ձևավորվել է գնման անհետաձգելի պահանջ, նաև պատասխանատու ստորաբաժանման ներկայացրած հիմնավորմամբ այլ գնման ձևերի կիրառումը ժամկետային առումով անհնար է եղել, ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ, էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպել է մրցակցային գնման գործընթաց։

Երեք մասնակից ներկայացրել է հայտ, ինչի արդյունքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930