Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ գրեթե մշտապես առկա են քաղաքական գործընթացներ, և դա մեզ համար արդեն սովորական երևույթ է։ Փաստացիորեն տարին երկու անգամ մեզ մոտ անցկացվում են համայնքային ընտրություններ, որոնք նույնպես շատ քաղաքականացված են, որովհետև մեր քաղաքական բարեփոխումների արդյունքում այնտեղ ևս մարդիկ քվեարկում են քաղաքական կուսակցությունների օգտին կամ դեմ։ Ուզում եմ ասել, որ մեզ մոտ կան քաղաքացիներ, որոնք կարծում են, թե Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը։ Բայց սա մեզ համար սկզբունքային հարց է։ Մեզ մոտ, օրինակ, սոցիալական ցանցերը 100%-ով ազատ են, ընդհանրապես որևէ սահմանափակում չկա, և շատ քաղաքացիներ կարծում են, որ դա չափից շատ է։
Եվ ընդհանուր համատեքստում, անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան։ Եվ ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, օրինակ, մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Սրանք պատգամավորների ընտրություններ են, և դե ֆակտո նաև վարչապետի ընտրություններ են։ Եվ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա։
Եվ ես 100%-ով վստահ եմ՝ Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները և մեր անձնական հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով։ Եվ ես շատ ուրախ եմ և ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն վստահության մթնոլորտի համար, որը ստեղծել եք առաջին հերթին Դուք, որովհետև եթե Դուք չցանկանայիք, որ մեր միջև լինեն նման բաց և վստահելի հարաբերություններ, կարծում եմ՝ ակնհայտ է, որ ես չէի կարողանա դա անել։ Եվ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ։
Եվ ես վստահ եմ, որ մեր առաջիկա ընտրությունների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունը և ժողովրդի իշխանությունն էլ ավելի կամրապնդվեն, և մեր հարաբերությունները նույնպես, և ընտրությունների արդյունքներով դրանք կշարունակեն դինամիկ զարգանալ։ Իհարկե, ես արդեն ասել եմ, որ մեր օրակարգը շատ հագեցած է, սակայն կան նաև բազմաթիվ հնարավորություններ, որոնք դեռ չեն օգտագործվել։ Ես վստահ եմ, որ մեր երկխոսության արդյունքում այդ հնարավորությունները կօգտագործվեն»,- ասել է վարչապետը։
Նշենք, որ հայաստանյան ընտրություններին իր խոսքում անդրադարձել էր նաև Պուտինը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին։






































