Իսրայելը կփորձի շարունակել Իրանի շուրջ էսկալացիան և թույլ չի տա ԱՄՆ-ին հեռանալ․ փորձագետ

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում դեռ չեն հասել իրենց նպատակներին։ Այս մասին ապրիլի 1-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ, «APRI Armenia» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը:

«Ինչո՞ւ դեռ։ Որովհետև, ինչպես կարծում են Իսրայելում, իրենք դուրս չեն եկել իրենց սահմանած ժամանակացույցից։ Այսինքն՝ ամեն ինչ հենց այդպես էլ պլանավորված էր», — պարզաբանել է Մելքոնյանը։ Ըստ փորձագետի՝ ոչ ոք, այդ թվում՝ իսրայելցիները, չէին էլ կարծում, թե Իրանի հետ պատերազմը կարճատև կլինի։

Քաղաքագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իրանն, ըստ էության, փոխել է իր մարտավարությունը։ Մասնավորապես՝ բազմաթիվ, բայց ոչ միշտ արդյունավետ հարվածների փոխարեն Թեհրանը նախապատվությունը տվել է որակին։ Այսինքն՝ սակավաթիվ, բայց չափազանց դիպուկ հարվածներին։ Եվ նրանց հաջողվում է հաղթահարել իսրայելական ու նույնիսկ իսրայելա-ամերիկյան համատեղ ՀՕՊ համակարգերը։

Փորձագետը կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից և առհասարակ պատերազմից։ Իսրայելը, ընդհակառակը, ձգտում է թույլ չտալ ԱՄՆ-ի դուրս գալ պատերազմից առանց Իրանի կողմից որևէ երաշխիքների ստացման։ Եվ Իսրայելը կփորձի շարունակել իրավիճակի էսկալացիան՝ օգտվելով ընձեռված հնարավորություններից։ Քաղաքագետը համոզված է, որ նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցման դեպքում որևէ երկարաժամկետ զինադադար սպասել պետք չէ։ Պատերազմը կշարունակվի, բայց արդեն նոր թափով։

Իր հերթին «APRI Armenia»-ի գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը բարձր է գնահատել դաշնակիցների ավիացիայի աշխատանքը: Նրա գնահատմամբ՝ նրանք գործել են «ֆանտաստիկ», սակայն արդյունքը զգալի է եղել միայն տակտիկական մակարդակում: Իսկ ռազմավարական առումով ամեն ինչ շատ ավելի տխուր է ստացվել։ Ըստ նրա հաշվարկների՝ կողմերի կորուստների հարաբերակցությունն անհամեմատելի է, թեև, չնայած դրան, Իրանը չի ընկրկել:

«Իրանին հաջողվել է փակել Հորմուզի նեղուցը և նա շարունակում է ապահովել դրա շրջափակումը։ Սա, թերևս, ԱՄՆ-ի համար շատ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում, քան, ասենք, դաշնակիցների ավիացիայի հարվածները՝ Իրանի համար», — ասել է Ներսիսյանը։ Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնում այդքան էլ լավ չեն մտածել իրենց գործողությունների ծրագիրը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930