Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում այսօր կալանավորված 18-ամյա Դավիթին։
Տեսանյութի կադրերում հստակ երևում է, թե ինչպես է Փաշինյանի թիկնազորի անդամներից մեկը՝ ՊՊԾ աշխատակից Աշոտ Մկրտումյանը բռունցքով հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին, ինչից հետո տղան վայր է ընկնում։ Ընդ որում, սա անում է այն ժամանակ, երբ կողքին գտնվող տղամարդիկ արդեն հետ էին քաշել վրդովված Դավիթին:
Ի դեպ Աշոտ Մկրտումյանը այն թիկնապահն է, որը ամիսներ առաջ ևս մեկ սկանդալային միջադեպի կենտրոնում էր հայտնվել, երբ Հովհաննավանքում Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ ձեռքով փակել էր Վեհափառի անունը հնչեցրած երիտասարդի բերանը և քաշ տալով դուրս բերել եկեղեցուց։
Նշենք, որ քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս լուրն իմանալուց հետո երկվորյակների մայրը՝ Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նա անդադար լալիս էր։
Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։
Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։






































