Ալեն Սիմոնյանը հերթական հայցապահանջն է ներկայացրել ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ին միացած գործչի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ հասարակական գործիչ, նախկին դեսպան Էդգար Ղազարյանի։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։

Ըստ հայցապահանջի՝ պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը պետք է հրապարակայնորեն հերքի համապատասխան տեսանյութում պարունակվող՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ կերպ. տեղադրի հայտարարություն իր «Ֆեյսբուք» սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետում կամ անհնարինության դեպքում առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում՝ հայտարարության վերնագիրը շարադրելով այսպես. «Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրի այսպես․ «09.03.2026թ.-ին «168 Ժամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության www.168.am կայքում և նույն ընկերության www.youtube.com կայքի ալիքում հրապարակվել է տեսանյութ`«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ. Թեմատիկ զրույց`Էդգար Ղազարյանի հետ» վերնագրով: Հայտնում եմ, որ տեսանյութում իմ կողմից ներկայացվել են փաստեր Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են պարոն Սիմոնյանին»:

Հայցվորը պահանջում է նաև պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես տեսանյութում պարունակվող զրպարտության համար նախատեսված փոխհատուցում: Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից, բացի սրանից, հայցվորը խնդրում է հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 560 000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 80 000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար:

Էդգար Ղազարյանը, նշենք, վերջերս հայտարարեց, որ միանում է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Հավելենք, որ հայցապահանջը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել մարտի 31-ին, գործով դատավորն է Սյուզաննա Ուլիխանյանը։

Նշենք, որ օրերս դատարանը վճիռ էր հրապարակել Ալեն Սիմոնյանի՝ ընդդեմ Է․Ղազարյանի ավելի վաղ ներկայացրած հայցապահանջով՝ պարտավորեցնելով նախկին դեսպանին ներողություն խնդրել զրպարտելու համար։ Ղազարյանը կատարել էր դատարանի վճիռը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930