26 տարեկանում ես վերջնականապես հասկացա, որ ցանկանում եմ տեսնել հեղինակավոր մարզչի, որին անվերապահորեն կհարգեմ․ Նաիր Թիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը խիստ քննադատության է ենթարկել իր նախկին ակումբի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովին։

Ավելի վաղ Գալակտիոնովը հարցազրույցներից մեկում, մեկնաբանելով Թիկնիզյանի հեռանալն ակումբից, նշել էր ֆուտբոլիստի չափազանց զգացմունքային լինելու մասին։ Ի պատասխան դրան՝ Թիկնիզյանը Fonbet յութուբյան ալիքի նոր թողարկման ժամանակ կիսվել է իր դժգոհություններով։

Խոսելով աշխատանքային մթնոլորտի մասին՝ Թիկնիզյանն ընդգծել է, որ այժմ առավել քան երբևէ կարևորում է մարզչի հեղինակությունը․

«26 տարեկանում ես վերջնականապես հասկացա, որ ցանկանում եմ տեսնել հեղինակավոր մարզչի, որին անվերապահորեն կհարգեմ։ Որպես օրինակ կարող եմ նշել Մարկո Նիկոլիչին, իսկ հիմա՝ Դեյան Ստանկովիչին։ Ներկայումս ես ինձ թույլ չեմ տա այն ամենի նույնիսկ 5 տոկոսը, ինչ անում էի «Լոկոմոտիվում», և դա՝ բացառապես մեծ հարգանքից ելնելով»։

Ֆուտբոլիստը նաև մատնանշել է Գալակտիոնովի գոռոզությունը՝ նրան համեմատելով «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակի հետ․

«Միխայիլ Միխայլովիչն այնպիսի տեսքով է նստում, կարծես յոթ տիտղոս է նվաճել։ Ետխաղյա մամուլի ասուլիսներին, երբ նրան դիմում են «Միխայիլ», նա կոպտորեն ընդհատում է ու պահանջում իրեն դիմել «Միխայիլ Միխայլովիչով»։ Համեմատության համար վերցնենք Սերգեյ Սեմակին՝ նախկին բարձրակարգ ֆուտբոլիստի, որը որպես մարզիչ վերջին հինգ տարում հաղթել է ամեն ինչ։ Երբ ասուլիսի ժամանակ նրան հարցնում են՝ արդյո՞ք կարելի է դիմել պարզապես «Սերգեյ», նա առանց լրացուցիչ խնդիրներ ստեղծելու համաձայնում է։ Երբ դու ավելի պարզ ես, մարդիկ ինքնաբերաբար ձգտում են դեպի քեզ»։

Անդրադառնալով Գալակտիոնովի այն ակնարկներին, թե նա աներախտամոռ է գտնվել, Թիկնիզյանը վրդովմունք է հայտնել մարզչի վերաբերմունքի և որոշ խաղացողների նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների վերաբերյալ։ Նա նկատել է, որ մարզիչն Արտյոմ Ձյուբայի մասին խոսելիս հարգալից է, մինչդեռ իր հասցեին հնչեցրել է այլ ենթատեքստով մտքեր։

«Իմ մասին խոսելիս ասում է՝ իբր 14 տարեկանից ինձ ճանաչում է, որ նա է իմ կարիերան կերտել, իսկ ես ապերախտ եմ։ Հենց սա էր նրա ուղերձը։ Միխայիլ Միխայլովիչի սիրելի արտահայտությունը «տղամարդկությունն» է։ Եվ որտե՞ղ է նրա տղամարդկությունը, եթե նա նման կերպ է վարվում․ երբ քեզ հրապարակավ՝ հարցազրույցի ժամանակ, վախկոտ կամ անշնորհակալ են անվանում, դու պետք է պատասխան տաս»,- եզրափակել է Թիկնիզյանը։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը նաև խոստովանել է, որ կինը դեմ է եղել այս թեմայի շուրջ նման բացահայտումներին և հորդորել է մոռանալ կատարվածը։ Սակայն Նաիրն ասել է, որ չի կարող լռել, քանի որ չի հանդուրժում անարդարությունը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728