Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Զիմբաբվեյի Հանրապետության միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Զիմբաբվեի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդիի գլխավորությամբ:

Խորհրդակցություններին նախորդել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Զիմբաբվեի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի ընդլայնման, այդ թվում՝ գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կարողությունների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին:

Զրուցակիցներն ընդգծել են բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնման և առկա համագործակցության խորացման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման հարցում Հայաստանի առաջնահերթությունները: Կարևորվել է Համաժողովի ընթացքում ներառական և բազմաշահառու մասնակցության ապահովումը կենսաբազմազանության և բնապահպանության հարցերի շուրջ արդյունավետ և թիրախային քննարկումների անցկացման համար: ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է նաև COP17-ի շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին և Անդրսահարյան Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728