Դերասան Կունալ Նայարը, որը հայտնի է «Մեծ պայթյունի տեսություն» սերիալում Ռաջ Կուտրապալիի դերով, բացահայտել է, որ իր կարողությունն օգտագործում է բժշկական օգնության կարիք ունեցող պատահական ընտանիքներին օգնելու համար։
«Փողը ինձ ավելի շատ ազատություն է տվել, և ամենամեծ պարգևը մարդկանց օգնելու, նրանց կյանքը փոխելու ունակությունն է», — ասել է Նայարը 2025 թվականի դեկտեմբերին iPaper-ին տված հարցազրույցում, որը հետագայում վիրուսային է դարձել X-ում։
Նա հավելել է, որ ինքը և իր կինը՝ Նեհա Կապուրը, աջակցում են կենդանիների բարեգործական կազմակերպություններին, բայց նա «իսկապես կրքոտ» է անանուն նվիրատվությունների հարցում. «Գիշերը ես մուտք եմ գործում GoFundMe և պարզապես վճարում պատահական ընտանիքների բժշկական հաշիվները։ Սա իմ «քողարկված սուպերհերոսությունն» է։ Ինձ համար փողը բեռ չէ, այլ տիեզերքի օրհնություն»։
Նայարի կարողությունը գնահատվում է 45 միլիոն դոլար, բայց դա «չի ծանրանում» նրա վրա, քանի որ նա կարող է անանուն օգնել կարիքավորներին։ Դերասանը նշել է, որ մարդիկ հաճախ զրկված են երջանկությունից, քանի որ ուրիշներից բարություն են ակնկալում: «Մենք սպասում ենք, որ նախագահը, քաղաքական գործիչը, որևէ առաջնորդ մեզ խաղաղություն բերի: Բայց ոչ ոք չի գալու և աշխարհը փոխելու ձեզ համար: Դուք պետք է դա անեք ինքներդ»:
Նայյարի հարցազրույցը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց վերջերս մահացած Ջեյմս Վան Դեր Բիկի ընտանիքի համար հաջողված դրամահավաքից հետո, որը փետրվարի 11-ից ի վեր հավաքել է ավելի քան 2.6 միլիոն դոլար՝ նրա քաղցկեղից մահանալուց հետո: Դերասանի ընտանիքը, այդ թվում՝ նրա կինը՝ Քիմբերլին և վեց երեխաները, ֆինանսական դժվարությունների են հանդիպել թանկարժեք բուժման պատճառով:
Նայյարը շեշտել է տեղական մակարդակով օգնելու կարևորությունը. «Աշխարհն ավելի լավ տեղ չի լինի, եթե ձեր հարևանը գա ձեր դուռը շաքարի համար, իսկ դուք այն շրխկացրեք: Դուք ինքներդ պետք է գործողություններ ձեռնարկեք»:






































