Ամերիկահայ գործարար, բարերար Վահե Կարապետյանը tvnews.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու որոշմանը՝ այն գնահատելով որպես ազգային արժեքների ամրապնդման և պետական զարգացման համար կարևոր հնարավորություն։ Նրա համոզմամբ՝ հզոր հայրենիք ունենալու համար անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, որը կախված չէ նեղ անձնական շահից, այլ առաջնորդվում է պետական մտածողությամբ։
«Այն անձը, ով միլիարդներ է ներդնում հայրենիքի զարգացման համար, արդեն իսկ ապացուցում է, որ առաջնորդվում է ոչ թե անձնական, այլ ազգային շահերով»,– նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ նման մոտեցումը կարող է հիմք դառնալ տնտեսական ակտիվացման և սոցիալական պայմանների բարելավման համար։
Զրույցի ընթացքում Կարապետյանը շեշտեց, որ անձամբ երկար տարիներ ճանաչել է Սամվել Կարապետյանի ընտանիքին և հատկապես նրա հորը, ում բնութագրել է որպես բացառիկ հայրենասեր մարդու։ Նրա խոսքով՝ ընտանիքում ձևավորված արժեքային համակարգը փոխանցվել է զավակներին՝ պետական շահը վեր դասելով անձնականից։
Նա ընդգծել է, որ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի առաջնորդվում կուսակցական գաղափարներով, իսկ եթե անցյալում ներգրավված են եղել պետական կամ այլ գործունեության մեջ, ապա ծառայել են ոչ թե կոնկրետ ղեկավարության, այլ հայրենիքի և պետության զարգացմանը։
Կարապետյանի դիտարկմամբ՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Կարապետյանի արտերկրում աշխատած գումարները ներդրվել են Հայաստանում՝ տնտեսության, սոցիալական ծրագրերի և ազգային նախաձեռնությունների զարգացման նպատակով։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը բացառիկ երևույթ է և արժանի է բարձր գնահատանքի։ Խոսելով ստեղծված իրավիճակների մասին՝ նա նշել է, որ թեմային անդրադառնալիս անգամ ֆիզիկապես է զգում իր հուզմունքը՝ մարմինը փշաքաղվում է։
Նրա ձևակերպմամբ՝ ինչպես իր, այնպես էլ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի համար հայրենիքը պարզապես գաղափար չէ, այլ արժեք, որը հանդիսանում է հայի «ողնաշարը»։
Անդրադառնալով հոգևոր թեմաներին՝ գործարարը կարծիք է հայտնել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի շուրջ ընթացող գործընթացներն ունեն քաղաքական ենթատեքստ։ Նրա մեկնաբանությամբ՝ իշխանության կողմից եկեղեցական հարցերին միջամտությունը քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս համատեքստում նա անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ եկեղեցու հարցերի շուրջ նման մոտեցումները, իր գնահատմամբ, փորձում են արտաքին ուժերին ցույց տալ որոշակի քաղաքական կողմնորոշում։
Կարապետյանը կարևորել է նաև լեզվամշակութային ժառանգության պահպանումը՝ ընդգծելով, որ հայկական լեզուն և մշակույթը հազարամյակների պատմություն ունեն և հանդիսանում են ազգային ինքնության առանցքային հիմքերից մեկը։ Նրա համոզմամբ՝ հենց այդ արժեքների վրա պետք է կառուցվի երկրի ապագան։
Ամփոփելով՝ գործարարը վստահություն է հայտնել, որ Սամվել Կարապետյանի ընտրվելուց հետո սփյուռքի ակտիվ մասնակցությամբ հնարավոր կլինի ձևավորել ավելի կայուն և զարգացող Հայաստան։ Նրա խոսքով՝ ապրիլին Փարիզում նախատեսվում է տարբեր երկրներից հայ գործարարների հավաք՝ հետագա համագործակցության և նախաձեռնությունների քննարկման նպատակով։ Վահե Կարապետյանը ևս պատրաստակամ է իր ողջ ներուժը ներդնել Հայաստանի հետագա զարգացման ու հզորացման գործում։






































