Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 36-ամյա տղամարդն ապօրինի ձեռք բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում է թմրամիջոց։
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.30-ին, Երևանի Մոլդովական փողոցում փաթեթը տեղադրելիս և լուսանկարելիս տղամարդը ձերբակալվեց և իր «Նիսան Տեանա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվեց արդեն տեղադրված երեք, իսկ մեքենայում՝ 18 փաթեթ՝ ընդհանուր մոտ 42 գրամ զանգվածներով։
36-ամյա տղամարդը հայտնեց, որ մարիխուանայով փաթեթները ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացնելու նպատակով։
Նոյեմբերի 5-ին և 9-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարվեցին տղամարդու փաստացի բնակության վայրում և նրա մեքենայում։ Տանը հայտնաբերվեց ավելի քան 39 գրամ հերոինով լցված պոլիէթիլենային 9 փաթեթ, ևս մեկ փաթեթ՝ 13 գրամ հալյուցինոգեն սնկերով և էլեկտրոնային կշեռք, իսկ մեքենայում՝ ավելի քան երեք գրամ դեղնականաչավուն զանգված, կաթուցիչ և չորս դեղահաբ։
36-ամյա տղամարդը կալանավորված է։ Նախաքննությունը շարունակվում է։






































